31/07/2014 18:36
Ռոյսը շարունակում է մնալ «Բարսելոնի» տեսադաշտում
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը շարունակում է մնալ կատալոնյան ակումբի տեսադաշտում:
Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ «Բորուսիայի» առաջատարը հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը: Դորտմունդցիները Մարկոյին 5 մլն եվրոյի փոխարեն 7 մլն աշխատավարձ էին առաջարկում, սակայն այդ առաջարկը Ռոյսին չբավարարեց:
Չնայած որ Մարկո Ռոյսը «Բորուսիայի» հետ պայմանագրով կապված է մինչև 2017 թ., համաձայնագրում նաև կետ կա, որի համաձայն` 2015 թ. Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը դորտմունդյան ակումբից կարող է հեռանալ 35 մլն եվրոյի փոխհատուցման դեպքում:
Ըստ կատալոնյան մամուլի` այս տեղեկությանը հիանալի է տիրապետում «Բարսելոնը», որն ուշադրությամբ հետևում է գերմանացի կիսապաշտպանի շուրջ ստեղծված իրավիճակին: Նշվում է, որ այդ հարցով անձամբ ակումբի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան է զբաղվում: