31/07/2014 19:24
ՌԴ-ն արձագանքել է ԱՄՆ դեսպանատան կողմից հայ գործարարներին արված զգուշացմանը
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունն արձագանքել է ԱՄՆ դեսպանության՝ Հայաստանի կառավարությանն ու գործարարներին արված զգուշացմանը:
Հիշեցնենք՝ դեսպանատունն օրերս տեղեկացրել էր ՀՀ կառավարությանն ու գործարարներին, որ պատժամիջոցների ենթարկված ՌԴ պաշտոնյաների ու ընկերությունների հետ համագործակցությունը կարող է ռիսկեր առաջացնել:
ՌԴ դեսպանության տարածած պատասխան հայտարարության մեջ ասվում է.
«Դիվանագիտական ներկայացուցչությանը սազական չէ իր տեղակայման վայրի իշխանություններին պարտադրել՝ ում հետ համագործակցել, իսկ ում հետ՝ ոչ: Հատկապես՝ սուվերեն պետության հանդեպ օգտագործելով թույլ թաքնված սպառնալիքներ: Կարծում ենք՝ Հայաստանի գործարարներն ինքնուրույն կարող են կողմնորոշվել բիզնեսի վարման հարցերում և կարիք չունեն այլոց հուշումների:
Մեր անհանգստությունն ենք հայտնում ՀՀ-ում ռուսական բիզնեսի աշխատանքը բարդացնելու ուղղությամբ ամերիկյան կողմի փորձերի վերաբերյալ: Հայաստանում ներկայացված բոլոր ռուսական ընկերություններն, այդ թվում՝ «ՎՏԲ-Հայաստանն» ու «Արեքսիմբանկը», ենթարկվում են այդ երկրի օրենսդրությանը, շահույթ են ստանում ու հարկ են վճարում Հայաստանում և ապահովում են երկրի զգալի հատվածի զբաղվածությունը: Ըստ այդմ ԱՄՆ դեսպանության կոչերը ռուսական ընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ՝ ի չիք են անում այդ երկրի երկերեսանի հայտարարություններն այն մասին, թե ցանկանում են զարգացնել Հայաստանի տնտեսությունը: ԱՄՆ գործողություններում ակնհայտ են առևտրա-տնտեսական անբարեխիղճ մրցակցության նկատառումներ:
Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք ևս մեկ անգամ շեշտել ԱՄՆ-ում ընդունված հակառուսական պատժամիջոցների անօրինակությունը և նշել, որ դրանք կնպաստեն միայն ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա վատթարացմանն ու կստեղծեն ծայրահեղ ոչ բարենպաստ պայմաններ միջազգային հարցերում: Իր քայլերի իբրև թե «հետևողականության» պատրանք ստեղծելով, Վաշինգտոնն ընդամենը փորձում է խուսափել Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունից և վրեժ լուծել Ռուսաստանից իր անկախ ու ԱՄՆ համար անհարմար քաղաքակնությունից»:
Նախորդող հրապարակում՝ Քաղաքագետ. ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը շանտաժ է
ԱՄՆ պատժամիջոցներից հայ գործարարները մտահոգություններ չունեն. Ա. Ղազարյան