31/07/2014 18:49
Պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագիծ
Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան հատվածում տեղակայված զորամասերում: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են մի շարք բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել առաջին բանակային զորամիավորման զորամասերից մեկում անձնակազմի համար կառուցված նոր զորանոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Շնորհավորելով զորամասի զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ զորանոցի բացումը խթան կհանդիսանա նոր ուսումնական փուլում զորամասի առջև դրված խնդիրներն առավել մեծ պատասխանատվությամբ և հետևողականորեն կատարելու համար:
Սեյրան Օհանյանը հորդորել է նաև չմոռանալ, որ յուրաքանչյուր զինվորի անհատական պատրաստությունից, գիտելիքներից և մասնագիտական հմտություններից է կախված ամբողջ զինված ուժերի մարտունակությունը:
Շրջելով ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող և անհրաժեշտ գույքով կահավորված նորակառույց շինության տարածքում` Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել կատարված աշխատանքն ու զինծառայողների համար ստեղծված կենցաղային և ուսումնական պայմանները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի աշխատանքային այցի հաջորդ կանգառը զորամասի զինավանում էր, որտեղ զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովման գործընթացի շրջանակում բնակարանամուտ են տոնել զորամասի 10 զինծառայողներ:
Շնորհավորելով բնակարանամուտի կապակցությամբ` Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես գտնվում է հանրապետության ու ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում, և հնարավորության սահմաններում արվում է առավելագույնը, որպեսզի զինծառայողներն իրենց թիկունքում մշտապես զգան պետական հոգածությունը, զերծ լինեն կենցաղային խնդիրներից և բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:
Նույն օրը Սեյրան Օհանյանը եղել է նաև հանրապետության հարավարևմտյան հատվածում տեղակայված ևս մի քանի զորամասերում, տեղում ծանոթացել է իրականացվող լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, ճշտել է կառուցվող շինությունների շահագործման վերջնաժամկետները:
Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարարը ստուգել է նաև զորամասերի ուսումնանյութական բազան, տեխնիկական հագեցվածությունը, հետևել է սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու նորոգման տարածքներում ընթացող աշխատանքներին: Սեյրան Օհանյանը աշխատանքներն առավել խորքային և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարությանը: