31/07/2014 16:23
Սեքսապաթոլոգ. Անպտղության բուժումը Հայաստանում բավականին մատչելի է
Մեզ՝ հայերիս համար անպտղությունը ոչ միայն բժշկական, այլև սոցիալական թեմա է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը` ընդգծելով, որ նախորդ տարվա տվյալներով Հայաստանում անպտղության 15 տոկոսի շեմն անցել է՝ հասնելով 17 տոկոսի:
«Անպտղության պատճառները գնալով շատանում են: Այսօր նախկինում եղած պատճառներին գումարվում են էկոլոգիայի անմխիթար վիճակը, սակավաշարժ կենսակերպը, ավելորդ քաշը, նյարդահոգեկան լարվածությունները»,- ասաց սեքսապաթոլոգը` մանրամասնելով, որ անպտղության պատճառ կարող են լինել նաև սեռավարակները, հղիության արհեստական ընդհատումներն ու շատ ծխելը.
«Այսօր կանայք հաճախ զանգում են բժիշկներին ու հարցնում արհեստական վիժում առաջացնող դեղերի անունները՝ պատճառաբանելով, որ բժշկի գալ չեն կարող, քանի որ թաքցնում են իրենց վիճակը: Սակայն սա կարող է լուրջ վտանգ լինել հետագա հղիությունների համար»:
Նրա խոսքով՝ անպտղության բուժումը Հայաստանում բավականին մատչելի է՝ պարզապես պետք է ժամանակին դիմել բժիշկի.
«Եթե առանց ուշացման կինը դիմի գինեկոլոգի, իսկ տղամարդը՝ սեքսապաթոլոգի, ապա անպտղության դեմ հնարավոր կլինի պայքարել»,- ասաց սեքսապաթոլոգը՝ ավելացնելով, որ Հայաստանում կանանց և տղամարդկանց անպտղության դեպքերը 50:50 հարաբերակցությամբ են, այսինքն՝ հանդիպում է հավասարաչափ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ: