31/07/2014 19:44
«Երևան Ջուր». Արաբկիրում կատավրում են ջրագծերի նորոգման աշախատանքներ
Այսօր` առավոտյան, դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդովի փողոցի 29, 29/1, 31, 33, Քոչարի 7 և Կասյան 10, 12 շենքերի ջրամատակարարումը: Պատճառը` նշված համարները սնուցող ջրագծի խիստ վթարված լինելն էր, ինչն էլ իր հերթին հանգեցնում էր ջրի կորստի, ջրամատակարարման ճնշման անկման և վտանգում ջրի որակը: Այս մասին հայտնում են «Երևան Ջուր» ընկերությունից:
Ընկերության «Արևմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր» տեղամասի փոխանցմամբ` երեկ և այսօր այնտեղ տարված աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել է բակային պոմպակայանից մինչև նշված բնակելիները ձգվող 60 մետր երկարությամբ 100մմ տրամագիծ ունեցող մետաղյա խողովակը և փոխարենը կառուցվել նույն տրամագծով պոլիէթիլենե խողովակ, որն ավելի երկարակյաց է և հուսալի: Այս պահին պոմպակայանում և հարակից երկու շենքերում կատարվում են ջրագծերի միացման վերջին աշխատանքները:
Շինարարություն է ընթանում նաև Արաբկիրի Անտառային փողոցի մասնավոր տնատիրությունների հատվածում: Այստեղ ևս շուրջ 30 մետր երկարություն ունեցող մաշված մետաղյա խողովակը փոխարինվում է պոլիէթիլենե նոր խողովակով: Ընկերության մասնագետները հրաշալի պատկերացնելով, թե շոգ եղանակին որքան անհարմարություն է պատճառում երևանցիներին ջրի բացակայությունը, աշխատում են առանց կանգառի և վստահեցնում, որ այսօր իսկ ուշ երեկոյան նշված բնակելիների ջրամատակարարումը կվերականգնվի: