01/08/2014 15:17
Առողջապահության նախարար. Բժշկական սխա՞լ` կա դատարան
«Վստահությունն էմոցիոնալ կատեգորիա է, բժշկական սխալը` իրավական գնահատական, մեկը մյուսի հետ չխառնենք»,- այսօր 100-օրյա աշխատանքները ներկայացնելիս ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` պատասխանելով Aysor.am-ի բժշկական սխալի դեպքում բժիշկներին պատասխանատվության ենթարկելու հարցին:
Ըստ նախարարի, միայն դատարանի որոշումից հետո կարելի է խոսել բժշկի սխալի մասին: Նա նաև հիշեցրեց, որ «բժշկության մեջ չկան հաստատուն և երաշխավորված երաշխիքներ, այլ` պատշաճ իրականացված գործողությունների նկարագրություն, որն էլ ուզում ենք ներդնել»:
Արմեն Մուրադյանը, մասնավորապես, անդրադարձավ օրերս Արտաշատի հիվանդանոցում նորածին աղջկա մահվան դեպքին, երբ հարազատները մեղադրում էին բժիշկներին անփութության մեջ: Նախարարն ասաց, որ քաջատեղյակ է դեպքից` հավելելով, որ հիվանդանոցում փորձել են ինքնադատաստան տեսնել բժիշկների հետ, պախարակել և վիրավորել, հարազատներից զատ, ինչպես ասաց նախարարը, նաև դեպի վայրում գործող լրագրողն է նման պահվածք դրսևորել, որի անունը նա չհրապարակեց:
Հատկապես լրագրողի կողմից պախարակող և վիրավորական պահվածքը նախարարը գնահատեց ամենաթողություն, բժիշկները դիմել են ոստիկանություն: «Կարծում եմ շատ ճիշտ են արել»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նախարարը միաժամանակ, ընդունելով, որ ոլորտում այս ուղղությամբ խնդիրներ կան, տեղեկացրեց, որ այս երեք ամիսների ընթացքում ձևավորվել է 18 դատաբժշկական հանձնաժողով, «զերծ ենք մնալու կոլեգիալություն դրսևորելուց»:
«Ներքին աուդիտը` ներսից ստուգումները, ինքնամաքրվելը մեծ նշանակություն ունի»- շեշտեց Արմեն Մուրադյանը: