01/08/2014 19:12
Ռազմական կցորդներին ներկայացվել է շփման գծում լարվածության կտրուկ աճը
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին: Հանդիպման նպատակը հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով վերջին օրերի լարվածության կտրուկ աճի մասին ռազմական կցորդներին իրազեկելն էր: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից դիվերսիոն հետախուզական ու դիպուկահար գործողությունների ակտիվացման և հայկական կողմի պատասխան քայլերի մասին առկա իրողությունները, կցորդների հետ կիսել պաշտպանության նախարարության գնահատականներն ու ենթադրությունները լարվածության ներկայիս աճով Ադրբեջանի հետապնդած նպատակների, հետագա գործելակերպի, ինչպես նաև հայկական զինուժի հնարավոր պատասխան գործողությունների մասին:
Հանդիպման վերջում պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ռազմական կցորդներին հորդորել է պաշտոնական խողովակներով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` ներկայիս լարվածությունը նվազեցնելու և հարևան երկրին իրավիճակը թեժացնող ու սադրիչ նոր գործողություններից հետ պահելու համար:
Նախորդող հրապարակում` Հրադադարը պետք է հարգել. Ջեյմս Ուորլիք