01/08/2014 10:26
ԲՀԿ-ական պատգամավորը դժվարանում է կանխատեսել քառյակի խոստացած թեժ աշունը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, գործարար Արագած Ախոյանը երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում դժվարացել է որևէ կանխատեսում անել քառյակի խոստացած թեժ աշնան մասին:
Ի՞նչ եք մտածում թեժ աշնան մասին՝ թերթի թղթակցի հարցին նա պատասխանել է. «Անկեղծ ասած, ես չեմ կարող գուշակել թեժ աշնան մասին և ընդհանրապես ներքաղաքական խնդիրների շուրջ չեմ կարող ոչինչ ասել, որովհետև դեռ հայտնի չէ, թե ինչ է լինելու: Ավելի շուտ, այդ հարցերին կարող է պատասխանել ԲՀԿ խմբակցության ղեկավարությունը»:
Հարցին՝ իսկ ճի՞շտ է, որ ԲՀԿ ղեկավարության հետ հակասություններ ունեք, գործարար պատգամավորը պատասխանել է. «Ոչ, կտրուկ ասում եմ, որ ոչ: Ես ընդամենը այդ նավի նավաստիներից մեկն եմ, որի համար նավի ղեկավարության որոշումները, բնականաբար, օրենք են: Ես նման կարծիք չունեմ և զարմանում եմ, թե որտեղից են այդ լուրերը տարածվում: Համենայնդեպս, իմ ակնկալիքներն ավելի մեծ են, բոլորից՝ և իշխանություններից, և քառյակից, և բոլորից»:
ԲՀԿ-ական պատգամավորն ասել է, թե ակնկալիքները կապված են տնտեսության ոլորտի հետ ու ավելին չի մանրամասնել: