01/08/2014 17:14
Ժամը 19-ին «Ժառանգությունը» բոլորին հրավիրում է Մատենադարանին հարող տարածք
«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որով դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին.
«Եվ այսպես, Հայաստանը դատարկող վարչակարգը, մեր լռելյայն թողտվությամբ, հասավ իր ուզածին՝ այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է ևս 10 տոկոսով կամ ընդամենը մեկ տարվա ընթացքում թանկացումը կազմում է շուրջ 40 տոկոս: Հայաստանի ազգային հարստությունը կողոպտելու, ինքնիշխանությունը փոշիացնելու և համազգային պայքարով ազատագրված Արցախը մանրադրամի վերածելու դիմաց օտարի շահերին համահունչ գործող ժամիշխանությունը այդպես էլ չանսաց էլեկտրաէներգիայի թանկացումը հետաձգելու և խնդիրն ավելի խորն ուսումնասիրելու՝ ժողովրդի ներկայացուցիչների հորդորներին:
Մի երկրում, որտեղ բնակչության մեկ երրորդը, այսինքն՝ մոտավորապես մեկ միլիոն մարդ, ըստ պաշտոնական տվյալների, ապրում է աղքատության գծից ցածր եկամուտներով, այսօրինակ կտրուկ թանկացումներն անթույլատրելի են: Ուստի՝ դատապարտելով իշխանությունների հերթական հակաժողովրդական որոշումը, «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում օգոստոսի 1-ին, ժամը 19:00-ին Մատենադարանին հարող տարածքից մասնակիցը դառնալ քաղաքացիների կողմից կազմակերպվող բողոքի գործողության, որն ուղղված է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:
Միևնույն ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր ի վիճակի չեն մասնակցել մայրաքաղաքում կայանալիք ակցիային, կոչ ենք անում նույն ժամին ինքնակազմակերպվել և արդար բողոքի ձայն բարձրացնել իրենց բնակության վայրերում:
Մեր ակտիվ կենսադիրքորոշմամբ, խոհեմ պահվածքով այլևս թույլ չտանք ոչ ոքի՝ մտնելու մեր գրպանները»: