01/08/2014 16:47
Փաստաբան. Լևոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքում չկա հանցակազմ
Գործարար Լևոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքում չկա հանցակազմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Լևոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքներում բավական հակասական փաստեր կան: Մեղադրական եզրակացության համաձայն, նրան մեղադրում են Բաշկիրիայի նախկին նախագահի միակ որդուն՝ Ուրալ Ռահիմովին իր կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր խմբավորման մեջ ներգրավելու համար, որպեսզի վերջինս յուրացնի մի շարք ընկերությունների բաժնետոմսեր: Նույն քննիչի ներկայացրած փաստերով՝ Լ. Հայրապետյանն այդ գործում հայտնվել է այն ժամանակ, երբ Ու. Ռահիմովն արդեն կատարել է հանցագործությունը»,- ասաց Ն. Բաղդասարյանը:
Ն. Բաղդասարյանի խոսքով՝ Ռուսաստանի օրենսդրության համաձայն, նման գործերով մարդուն ազատազրկման վայրում կարող են պահել մեկ տարի:
Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքի համաձայն, Ռահիմովը դիմել է Հայրապետյանին, և նա էլ խոստումներով և ֆինանսական միջոցներով աջակցել է նրան, որպեսզի հանցագործությունը չբացահայտվի:
«Ըստ մեղադրական եզրակացության՝ սա տնտեսական հանցագործություն է, իսկ Լևոն Հայրապետյանը Ու. Ռահիմովին ֆինանսական օգնություն է խոստացել, թեև Ու. Ռահիմովը չէր կարող փողի կամ էլ Լ. Հայրապետյանի խորհուրդի կարիքն ունենալ, քանի որ ինքն է կեղծ կազմակերպություններ ստեղծել և ամենատեղեկացվածն էր: Նշվում է, որ Լ. Հայրապետյանն այս ամենը կազմակերպել է անհայտ անձանց օգնությամբ, սակայն ակնհայտ է, որ մեղադրանքի հիմքում միայն մեկ անձի տված ցուցմունքն է: Ինչպե՞ս կարելի է հիմք ընդունել ցմահ ազատազրկման դատապարտված մարդու ցուցմունքները, ով կորցնելու ոչինչ չունի»,- ասաց նա:
Փաստաբանը ասաց, որ եթե հիվանդության պատճառով գործարարին ազատ չարձակեն, ապա նա մոտակա մեկ-երկու ամիսը կալանավորված կմնա:
Նախորդող հրապարակում՝ Շիրխանյան. Լևոն Հայրապետյանի կալանավորումը շահավետ է միայն Ադրբեջանին