01/08/2014 13:50
36 հատորյա գրքաշար կհրատարակվի Հայաստանի 10.000 բնակավայրերի մասին
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը առաջիկայում կհրատարակի «Հայաստանի պատմություն»՝ հայրենիքի 10.000 բնակավայրերի մասին 36 հատորյա գրքաշարը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը` հոկտեմբերին այն կհանձնվի տպարան:
Յուրաքանչյուր հատորը, նրա խոսքով, կախված նյութի ծավալից, նվիրված կլինի մեկ գավառի. «Առաջին հատորը, օրինակ, նվիրված է Հայոց Ձոր գավառին, քանի որ այդ տարածքում է Հայկ նախապետը հիմնել Հայկաբերդը»:
Գրքաշարը, շարունակեց խոսքը Ս. Կարապետյանը, մեծ նախագիծ է, միայն տպագրությունը մեծ ծախսեր է պահանջում և միայն հիմնադրամի բյուջեով հնարավոր չէր հրատարակել:
«Այս մատենաշարը չհրատարակել չէինք կարող: Մտածեցինք բաժանորդագրության ճանապարհը օգտագործել, և հիմա պետք է տարածել բաժանորդագրության մասին, որպեսզի այն հրատարակվի»,-ասաց հուշարձանագետը:
Ս. Կարապետյանի խոսքով` պատմական Հայաստանի քարտեզի պատկերը կստացվի, երբ բոլոր հատորները հերթով կողք կողքի դրվեն,
Մատենաշարը կարելի է ձեռք բերել բաժանորդագրությամբ՝ մեծ հատորի արժեքը 12 հազար դրամ է, իսկ փոքր հատորինը՝ 3 հազար:
Նշենք, որ մատենաշարը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման 100-ամյակին: