01/08/2014 11:07
Սոցիալական վճարից հրաժարվելու դիմումի ձևն առկա կլինի օգոստոսի 15-ից. Ֆիննախ
Կառավարությունը երեկվա նիստում ընդունել է կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակով 2014 թվականի ընթացքում ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքների կիրարկումն ապահովող վերջին ենթաօրենսդրական ակտերը: Մասնավորապես, սահմանվել է մասնակցի կողմից հարկային մարմնին ներկայացվող` սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվության (դիմումի) ձևը: Այս մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Կառավարության ընդունած որոշումներով տրված լուծումները ներկայում ծրագրավորվում են` համապատասխան հաշվետվություններն ու այլ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով կազմելու և հարկային մարմնին ներկայացնելու համար: Մասնակցի կողմից սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվության (դիմումի) ձևը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի ամսական հաշվարկը հարկային մարմնի` էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման համակարգում առկա կլինեն օգոստոսի 15-ից: Այսինքն, մասնակիցները և գործատուները հնարավորություն կունենան սահմանված ժամկետներում` մինչև ս.թ. օգոստոսի 20-ը, էլեկտրոնային եղանակով ներկայացնել համապատասխան դիմումը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի հաշվարկը: