02/08/2014 11:14
ՊԲ զինվորի անզեն պայքարը` հակառակորդի դեմ (Տեսանյութ)
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն իր պաշտոնական կայքում տեղադրել է տեսանյութ, որը պատմում է, թե ինչպես է հուլիսի 31-ին ՊԲ զինծառայողը անզեն դիմագրավել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին և ստիպել վերջիններիս փախուստի դիմել:
Տեսանյութում պատմվում է, որ հակառակորդի հարձակման ժամանակ շարքային Նորայր Քամալյանը, ով համաձայն մարտական հաշվարկի, գտնվում էր ամբողջությամբ անզեն, անսպասելի հայտնվելով ադրբեջանական` մինչև ատամները զինված խմբի առջև և գտնվելով վերջիններիս անմիջական կրակային խոցման գոտում, առանց ժամանակ կորցնելու հարձակվում է վերջիններիս վրա և բռնվում ձեռնամարտի` հասցնելով նրանց զգալի վնասներ և մատնելով խուճապի:
Այդ ընթացքում հակառակորդը կրակում և վիրավորում է Նորայրին, սակայն նա դրանից հետո շարունակում է ձեռնամարտը` հակառակորդից խլելով մեծաքանակ զենք-զինամթերք և մատնում փախուստի:
«Երբ տեսա նրանց, չնայած ձեռքիս զենք չկար, հարձակվեցի նրանց վրա և փորձեցի որքան հնարավոր է վնաս հասցնել, միաժամանակ գոռում էի և փորձում ընկերներիս կանչել: Այդ ընթացքում նրանցից մեկը կրակեց ու վիրավորեց ինձ, բայց շարունակեցի հարձակվել նրանց վրա, բռնեցի նրանցից մեկի կոկորդից և փորձում էի խեղդել, այդ պահին նա հանեց դանակը և դեմքիս հասցրեց խաչաձև հարված: Ես ինձ չկորցրեցի` չնայած դրանից հետո երկաթե կորսետով ուժեղ հարված ստացա ծնոտիս շրջանում: Կոտրված ծնոտով նրանց կարողացա փռել գետնին, որից հետո խլեցի զենքը, մյուսները շարունակում էին կրակել, դա հնարավորություն տվեց, որ նրանց ընկերն ուշքի գա ու միասին փախուստի դիմեն: Ափսոս, որ ձեռքիս մի դանակ չկար, եթե մի զենք լիներ, ավելի շատ վնաս կհասցնեի թշնամուն»,- պատմել է Ն. Քամալյանը:
Նշենք, որ շարքային Քամալյանն այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո, ըստ նրանց գնահատման, վիճակը նորմալ է: Մոտ ժամանակներում նա կապաքիննվի և կվերադառնա շարք:
Մանրամասները` տեսանյութում