08/08/2014 16:51
«Կաթնեղբայր» ֆիլմը կցուցադրվի Կենդանաբանական այգում
Երևանի կենդանաբանական այգում մեկնարկում են «Ոսկե ծիրանի» հաղթող ֆիլմերի ցուցադրությունները: Այսօր, ժամը 20:30-ին, այգում կցուցադրվի Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայրը», որը Հայկական համայնապատկերում լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ էր ճանաչվել: Մուտքն ազատ է:
Հիշեցնենք, որ Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված է ռեժիսոր Վահրամ Մխիթարյանի լեհ-հայկական կարճամետրաժ խաղարկային «Կաթնեղբայր» ֆիլմը, որն առաջին լեհ հայկական համատեղ արտադրանքն է: Ֆիլմի պրոդյուսերներն են Վայդա Ստուդիան և Լեհաստանի կինեմատոգրաֆիստների միության Ստուդիո Մունկան։ Ֆիլմի աշխատանքները համաֆինանսավորել են Լեհական ֆիլմ ինստիտուտը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
«Կաթնեղբայր» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լեհաստանում Կրակովի կինոփառատոնի ժամանակ, որտեղ ֆիլմը ստացել է ժուրիի հատուկ մրցանակը։ Համալեհական դեբյուտների Կոշալինի «Երիտասարդները և ֆիլմը» կինոփառատոնի ընթացքում ֆիլմը ճանաչվել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ և արժանացել է «Յանտար 2014» մրցանակին։