12/08/2014 14:49
Թուրքագետ. Ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվելու
Էրդողանի հաղթանակը կասկած չէր հարուցում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփոելով Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունները՝ նշեց թուրագետ Գևորգ Պետրոսյանը, ում համոզմամբ՝ այդ ընտրությունների միակ ու կարևոր խնդիրն այն էր, թե կլինի՞ արդյոք ընտրությունների երկրորդ փուլ, թե ոչ:
«Էրդողանը հավաքեց 50 և ավելի տոկոս ձայների մեծամասնությունը, այդպիսով՝ օրակարգից հանելով նաև ընտրությունների երկրորդ փուլի հարցը»,- նշեց թուրքագետը՝ հավելելով նաև, որ դա նշանակում է, որ Թուրքիայում շարունակելու է իշխող լինել ԱԶԿ-ն:
Թուրքագետի խոսքով՝ թեև Էրդողանը ընտրություններից հետո կհրաժարվի այդ կուսակցության ղեկավարը լիելու պարտականությունից, բայց ամեն դեպքում՝ կշարունակի իր համագործակցությունն այդ կուսակցության հետ: «Ամեն դեպքում՝ ԱԶԿ-ն ևս մեկ անգամ հաստատեց, որ Թուրքիայում վայելում է ընտրողների մեծամասնության աջակցությունը, ինչը թույլ կտա իշխող դեր ստանձնել ինչպես Թուրքիայի ներքաղաքական կյանքում, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներում: Իսկ Էրդողանն այդ կուսակցության հետ դեռ կշարունակի աշխատել,- նկատեց Պետրոսյանը շարունակելով,- Հայաստանը պետք է հասկանա, որ Թուրքիային Էրդողանն է պատրաստելու 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հետևաբար՝ հարցի հետ կապված որևէ փոփոխություն կամ նոր բան ակնկալել առայժմ պետք չէ:
Թուրքագետի խոսքով՝ ԱԶԿ-ն ցույց է տվել իր դիրքորոշումը հարցի հետ կապված, ուստի ինչ-որ շրջադարձ այս առումով չի սպասվում: Իսկ հայաստանյան իշխանությունները պետք է շարունակեն իրենց հարաբերություններն ու շփումներն այնպես, ինչպես դա եղել է մինչ այսօր: «Այսինքն՝ ԱԶԿ-ն և Էրդողանը կշարունակեն վարել իրենց հին քաղաքականությունը: Իսկ նրանք Թուրքիայում վայելում են հենց ժողովրդի աջակցությունը: Եվ նախկին փորձից ելնելով՝ պետք է պատրաստ լինենք Էրդողանի ցանկացած աննախադեպ քայլերի»,- ընդգծեց նա:
Պետրոսյանը նկատեց նաև, որ Թուրքիայի օրակարգում ընդհանրապես Հայոց ցեղասպանության հարցը առաջիկա ամիսների ընթացքում բացակայելու է, քանի որ Թուրքիայի համար կարևոր խնդիր է քրդական հարցը: «Թուրքիայի համար առաջնայինը ոչ թե Հայոց ցեղասպանության հարցն է, այլ քրդական խնդիրն ու սահմանադրական բարեփոխումները, որը ձգտում է լուծել Թուրքիայի նորընտիր նախագահը: Նա, նախագահ դառնալով, մեծ հաշվով փոքրացրեց իր լիազորությունները, հետևաբար՝ պետք է ձգտի դրանք ավելի ընդլայնել»,- նշեց նա՝ հավելելով, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակում Էրդողանը կիրականացնի նաև պետական կառուցվածքային փոփոխություններ, այսինքն՝ խորհրդարանական համակարգից կանցնի նախագահականի: «Դրանով իշխանությունը կանցնի Էրդողանի ձեռքը: Իսկ ԱԶԿ-ն այդ ներուժն ունի, որպեսզի հասնի դրան»,- ասաց նա:
Վերադառնալով ընտրություններին՝ թուրագետը հստակեցրեց, որ Էրդողանն իր ձայները, հիմնականում, ստացավ հակահայկական հայացնքների համար: Ըստ նրա՝ քիչ չէին նաև նրան ձայներ տվող քրդերը: «Էրդողանը բավական կայուն ընտրազանգված ունի, որի շնորհիվ և հաղթանակ գրանցեց: Հենց դա էր այն ներուժը, որով նա ընտրություններին ավելի լավ նախապատրաստվեց: Բացի այդ՝ նրա մրցակիցներն ուժեղ չէին: Էրդողանը բացարձակապես հաղթում էր իր մրացակիներին»,- ասաց թուրքագետը՝ նշելով, որ թեև Էրդողանն իր հայացքներով և խստությամբ տարբերվում էր նրանցից, այնուամենայնիվ նրան հաջողվեց գրանցել իր հաղթանակը: «Զարմանալի չէր, որ նա հաղթեց, քանի որ նրան հաջողվել է երկրում տնտեսական աճ ապահովել: Ամեն օր նրան ուղեկցում էին հազարավոր մեքենաներ, ամենուր նրա ցուցապաստառներն էին և նա վայելում էր ժողովրդի համակրանքը»,- ասաց նա: