12/08/2014 17:58
Սարգիս Հացպանյան. Էրդողանը 52 տոկոս ընտրող ու 48 տոկոս չընտրող ունեցավ
Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունեցավ 52 տոկոս ընտրող և 48 տոկոս չընտրող: Այնուամենայնիվ, սա Թուրքիայի ժողովրդի ընտրությունն էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով կիրակի օրը Թուրիքայում կայացած նախագահական ընտրություններին, ասաց հրապարակախոս Սարգիս Հացպանյանը.
«Իրականում ընտրությունների օրը Թուրքիայի որոշ վայրերում միայն եղան թեթև, աննշան իրադարձություններ: Մի քանի տեղ կատարվեց վերահաշվարկ, բայց ընդհանուր առմամբ ընտրությունների արդյունքները որևէ տեղ, որևէ թեկնածուի կողմից չեն վիճարկվել»,- ասաց Սարգիս Հացպանյանը՝ ավելացնելով, որ միևնույն ժամանակ չի կարելի ասել, որ Թուրքիայում ընտրություններն անցել են ազատ և արդար.
«Պարզապես այնտեղի տեխնոլոգիաները բոլորովին ուրիշ են: Քարոզարշավի ժամանակ է եղել կաշառք կոչվածը: Թեկնածուները խոստումներ են տալիս, ժողովրդին շահագրգռում դեպի իրեն: Բայց, որ ընտրությունների օրը մարդկանց կաշառեն, բռնեն-տանեն, կարուսելներ անեն և այլն՝ չի եղել»,- ասաց հրապարակախոսը:
Անդրադառնալով Թուրքիայի ապագա վարչապետի թեկնածուին՝ Հացպանյանը կարծիք հայտնեց, որ նա դժվար թե գործող նախագահ Աբդուլա Գյուլը լինի.
«Էրդողանի մերձավորները բազմաթիվ անգամ իրոնիկ հայտարարություններ են արել Գյուլի մասին»,- ասաց Սարգիս Հացպանյանը: