16/08/2014 13:20
Այսօր Պիեռ Ռիշարը նշում է իր 80-ամյակը
Այսօր ֆրանսիացի հայտնի դերասան և ռեժիսոր Պիեռ Ռիշարը նշում է իր ծննդյան 80-ամյակը: Նա ծնվել է 1934 թվականի օգոստոսի 16-ին, տեքստիլ արդյունաբերողի ընտանիքում։ Մանկությունն անցել է պապի ընտանիքում, ով ծագում էր ազնվական տոհմից։ Չափահաս դառնալուց հետո տեղափոխվում է Փարիզ: Չնայած նրա պապը դեմ է եղել, սակայն Փարիզում նա մասնակցել է դրամատիկական կուրսերի։ Դրանից հետո բաժանվել է ընտանիքից։
Թատրոնում նրա աշխատանքը կարելի է ասել չի հաջողվել, նա այնտեղ խաղում էր միայն երկրորդական դերեր։
Սկզբնական շրջանում խաղացել է հեռուստատեսային ֆիլմերում։ Առաջին դերը կինոյում 1957 թվականին նկարահանված «Մոնպառնաս, 19» ֆիլմում խաղացած էպիզոդիկ դերն էր։ 1967 թվականին նկարահանվում է ռեժիսոր Իվ Ռոբերի (ֆրան. Yves Robert) «Օրհնված Ալեքսանդրը» ֆիլմի նկարահանումներին։ Այնուհետ նա նկարահանվում է Ռոբերի մի քանի ֆիլմերում՝ մասնավորապես «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» և «Բարձրահասակ շիկահերի վերադարձը» կատակերգությունները։
Բայց ճանաչում Ռիշարին բերեց 1976 թվականին Ֆրանսիս Վեբերի (ֆրան. Francis Veber) «Խաղալիքը» ֆիլմում լրագրող Ֆրանսուա Պերենի դերը։ Դրան հաջորդեցին Վեբերի ևս մի քանի աշխատանք Ժերար Դեպարդիե հետ, որոնցից հետո թե Պիեռ Ռիշարը և թե Ժերար Դեպարդիեն դարձան հանրահայտ դերասաններ, իսկ կյանքում՝ ընկերներ։ Դրանք են «Ձախողակները», «Հայրիկները» և «Փախստականները»։ Մյուս նշանավոր աշխատանքներից էին «Ծակոց հովանոցով», «Վերելակից ձախ», «Ռոբինզոն Կրուզո» և այլն։
Առաջին ռեժիսորական աշխատանքը դարձավ 1970 թվականին նկարահանված «Ցրվածը» ֆիլմը, որտեղ նա նաև հանդես եկավ գլխավոր դերով։
Ընդհանուր թվով խաղացել է մոտ 80 ֆիլմում, 7 ֆիլմի ռեժիսոր է, 11 ֆիլմի սցենարի հեղինակ։