18/08/2014 23:49
Վարչապետ. Ադրբեջանը հրահրում է մի պատերազմ, որը ոչ մի բան չի տալու
Սահմանին մեր զինվորների պահվածքը շատ ոգևորիչ էր: Նույնիսկ իրենց խոսքի մեջ մեզ էին հուսադրում, որ որևէ խնդիր չկա` համարձակ էին, ոգևորված, ամենակարևորը` վստահ իրենց ամեն քայլի վրա: Այս մասին այսօր Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի բացումից հետո` պատասխանելով սահմանային իրավիճակի վերաբերյալ Aysor.am-ի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը.
«Մեր զինվորներն, իսկապես, իրենց գործին շատ են նվիված: Նրանք գիտակցում են, թե ինչ արժանապատիվ գործ են անում մեր ժողովրդի համար»,- սահման կատարած վերջին այցելությունից հետո իր տպավորություններով կիսվեց վարչապետն ու ընդգծեց`լավ առումով շատ զարմացած է:
Ավելի ուշ վարչապետը սահմանային իրավիճակին անդրադարձավ նաև «Բազե-2014»-ի ջոկատավարների հետ հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ ի ուրախություն բոլորիս, սահմանին կրակոցները վերջին օրերին պակասել են:
«Հիմա, ինչ վերաբերում է այս հարցում մեր անելիքներին: Մենք` երկրի նախագահի գլխավորությամբ, միշտ ամեն ինչ անում ենք, որպեսզի խուսափենք հակամարտությունից: Բայց, եթե մեզ պարտադրեն պատերազմ մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը, մեր սահմաններն ու հաղթելու ենք: Սա ապացուցվեց այս օրերի ընթացքում և, կարծես թե, սա ապացուցվեց նաև Սոչիում նախագահների հանդիպման ընթացքում: Բոլորս տեսանք` ինչքան էր մեր Նախագահը, ռուսերեն բառով ասեմ` «довольный», քանի որ հայ զինվորի, մեր բանակի վրա էր վստահ: Իրոք, ակնհայտ էր մեր զինվորների հաջողությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` ընդգծելով, որ Ադրբեջանի կորուստենրի համար հենց իրենք են մեղավոր.
«Իրենց պետությունը հրահրում է մի պատերազմ, որը ոչ մի բան չի տալու: Գործնականում իրենք արդեն մեկ անգամ համոզվել են, որ հաջողություն չեն կարող ունենալ: Ինչու՞ են նորից փորձում` սա ինձ համար անհասկանալի է:
Մի անգամ արդեն ձևակերպել եմ նրանց պահվածքը` եթե մարդու ֆինանսական հնարավորությունները խելքից առաջ են ընկնում, նա դառնում է վտանգավոր իր համար, շրջապատի համար, երկրի: Կարծես թե, դա է պատճառը: Ես, իհարկե, չեմ ցանկանում ու կարծում եմ, որ ոչ մեկ չի ցանկանում պատերազմ: Մեզ համար մեկ զինվորի կորուտսը մեծ դժբախտություն է, բայց, ամեն դեպքում մենք պարտավոր ենք նաև պատասխան տալ այն ոտնձգություններին, այն կրակոցներին, որոնք տեսնում ենք Ադրբեջանի կողմից»,- ասաց վարչապետն` ավելացնելով, որ հարևան երկրում քարոզվող հայատյացությունը հենց իրենց ոչ մի լավ բանի չի բերի: