18/08/2014 16:21
Վարշամ Գևորգյանը՝ սերիալներից հրաժարվելու, նոր ֆիլմում նկարահանվելու մասին
Համազգային թատրոնի դերասան Վարշամ Գևորգյանը, ով հանրությանը հայտնի է նաև ֆիլմերից և սերիալներից, այժմ զբաղված է «22 production»-ի աշխատանքներով, որի հիմնադիրն ինքն է: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանը տեղեկացրեց, որ փրոդաքշնը նախատեսում է առաջիկայում նոր գեղարվեստական ֆիլմ նկարահանել, որտեղ կխաղա նաև Վարշամը:
-«22 production» -ի հիմնադիր-տնօրենն եք, որի գործունեության շրջանակներում հանդես եք գալիս նաև որպես պրոդյուսեր: Ինչո՞վ է զբաղվում ձեր փրոդաքշնը, այն առաջիկայում ի՞նչ նոր արտադրանք կհանձնի հանրության դատին:
-Այն արդեն երկու տարի է՝ զբաղվում է վիդեոարտադրությամբ՝ սկսած՝ գովազդից, տեսահոլովակից, վերջացրած՝ գեղարվեստական ֆիլմով: Աշնանը նախատեսում ենք հեռուստատեսային կարճ ֆիլմեր թողարկել, իսկ արդեն նոր տարում կնկարահանենք գեղարվեստական ֆիլմ, որը կատակերգություն-դրամա է, սակայն ներկայացվելու է ոչ թե, այսպես ասած, КВН-ական հումոր, որը հիմնված է բառախաղի վրա, այլ հումոր՝ ստեղծված իրավիճակների ու հարաբերությունների ներկայացման վրա:
-Համազգային թատրոնում կա՞ նոր ներկայացում, որտեղ ընդգրկված եք, արտերկրում շրջագայելու ծրագրեր ունե՞ք:
-Ներկա պահին թատրոնում չկա նոր ներկայացում, որտեղ խաղում եմ: Վերջինը, որտեղ ընդգրկված էի, Շեքսպիրի «Համլետ»-ն էր: Իսկ շրջագայելու ծրագրեր ունենք. սեպտեմբեր ամսին «44 աստիճանի վրա» և «Փրկության կղզին» ներկայացումներով հանդես կգանք ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում:
-Վերջերս ձեզ չենք տեսնում սերիալներում. ի՞նչն է պատճառը:
-Հիմա սերիալներում հանդես գալու համար դերասան լինելու հանգամանքը նախապայման չէ: Ամեն մարդ էլ կարող է գնալ և նկարահանվել, ուստի ես իմ կարիքը չեմ տեսնում սերիալներում: Նախկինում՝ մի քանի տարի առաջ, դրանք ավելի որակյալ էին, անձնակազմում ընդգրկված էին պրոֆեսիոնալներ, ինչը չենք կարող ասել այսօրվա արտադրանքի մասին:
-Որոշե՞լ եք՝ այս ամառ որտեղ եք հանգստանալու:
-Չեմ հանգստանալու, քանի որ մեր փրոդաքշնում աշխատանքները շատ-շատ են, հանգստի մեկնելու վերաբերյալ կոնկրետ պլաններ դեռևս չունեմ:
-Այդքան զբաղված լինելով՝ հասցնու՞մ եք ընտանիքին մի քիչ ավել ժամանակ հատկացնել:
-Ինձ համար ամենահետաքրքիր զբաղմունքը երեխաներիս հետ խաղալն է, ժամանակ անցկացնելը: Նրանք այն տարիքում են, երբ աշխարհն են ճանաչում, իսկ երեխաներիս հետ զբաղվելու միջոցով այդ գործընթացում ուղիներ եմ ցույց տալիս:
-Հայրենիքի հետ կապված ի՞նչ ցանկություն ունեք, որ կուզենաք իրագործվի:
-Կուզենամ որ մեր երկիրն ավելի զարգանա, շատ ավելի առաջ գնա, իսկ մենք դրա համար բոլոր հնարավորություններն ունենք: Հայաստանը լավագույն տեղն է ապրելու համար թե´ մարդկային հարաբերությունների, թե´ բնության և մյուս բոլոր առումներով: Ես համարում եմ, որ մեր երկիրն աշխարհում տիրող ներկայիս իրավիճակում ճիշտ կարգավիճակում է, օրինակ՝ մենք կարող էինք այժմ պատերազմական վիճակում լինել, ինչպես շատ այլ երկրներ: Մենք գիտակից, խելացի, իմաստուն ժողովուրդ ենք, կցանկանայի, որ լավ բաները մեր կյանքում ավելի շուտ լինեն, քան մենք սպասում ենք: