19/08/2014 13:27
Հովիկ Աբրահամյան. Ես իմ խոսքի համար դողում եմ
Ես, որպես վարչապետ, մեզ համար շատ կարևոր երեք երկրների կառավարություննների ղեկավարների հետ պետք է ստեղծեմ շատ ջերմ հարաբերություններ: Այդ երկրներն են Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը և Իրանը: Այս մասին նախօրեին «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի բացմանը պատասխանելով մասնակիցների հարցերին՝ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա ընդգծեց, որ այս երեք երկրները մեզ համար ունեն նաև կարևոր տնտեսական նշանակություն.
«Օգոստոսի 21-22-ը Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով լինելու է Հայաստանում: Նրա հետ բազմաթիվ հարցեր ենք քննարկելու, այդ թվում՝ Ջավախքի վերաբերյալ: ՌԴ վարչապետի հետ մենք արդեն հանդիպել ենք ու նախնական պայմանավորվածություն կա, որ սեպտեմբերի 8-9-ն էլ նա պետք է այցելի Հայաստան: Իսկ ես սեպտեմբերի 15-17-ը այցելելու եմ Իրան»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այս ընթացքում տվյալ երեք երկրների հետ քննարկվելու են բազմաթիվ հարցեր:
«Բազե-2014»-ում Ջավախքի ջոկատի ներկայացուցիչներից մեկը վարչապետից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են ուսման ու հանգստի նպատակով Հայաստան եկող ջավախքահայերն ամեն անգամ անցակետում 1000 դրամ վճարում.
«Ճի՞շտ է արդյոք, որ հայրենիք գալու համար Ջավախքից եկողներն ամեն անգամ վճարեն»,- հետաքրքրվեց երիտասարդը.
Ի ատասխան՝ վարչապետը խոստացավ Երևան վերադառնալուց հետո քննարկել այդ հարցը.
«Պետք է հաշվենք և հասկանանք՝ քանի մարդ է անցնում անցակետով, ինչ գումարների մասին է խոսքը: Հիմա չեմ ուզում ինչ-որ բան խոստանալ, ես իմ խոսքի համար դողում եմ, որովհետև, եթե մի բան խոստացա՝ արյան գնով էլ լինի՝ անում եմ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ նորից ընդգծելով, որ Ջավախքին վերաբերող հարցերը քննարկվելու են Վրաստանի վարչապետի հետ՝ նրա առաջիկա այցելության ընթացքում: