19/08/2014 10:40
Դավիթ Բաբայան. Արցախում պատրաստ են ապաստան տալ եզդիներին. Galatv
ԼՂՀ իշխանությունները դատապարտում են Իրաքում եզդի համայնքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող վերջին գործողությունները, այն, ինչ կատարվում է եզդի ժողովրդի հետ այս օրերին, համարում են ողբերգություն: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավթի Բաբայանը:
«Մենք գտնում ենք, որ դա հավասարապես վերաբերվում է նաև հայ ժողովրդին: Որովհետև եզդի ժողովուրդը փաստորեն դարձել է մեր բախտակիցը: Այն, ինչ տեղի է ունենում Իրաքում եզդիների հետ այս օրերին, ողբերգություն է, և մենք ոչ միայն հասկանում ու կիսում ենք, այլև խիստ դատապարտում ենք: Եզդիները միշտ եղել են մեզ հետ, և բնական է՝ ինչ կատարվում է իրենց հետ, խոր ցավ է պատճառում նաև մեզ»,- ասել է Դավթի Բաբայանը:
ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը կարևորել է նաև այն, որ եզդի համայնքի ներկայացուցիչները, ովքեր բնակվել են Հայաստանում և ՀՀ քաղաքացիներ են, երբևէ անտարբեր չեն եղել ՀՀ հուզող խնդիրներին և ակտիվորեն ներգրավված են եղել նաև Արցախյան պատերազմում:
«Արցախյան հերոսամարտին մասնակից եզդիներ ունենք, որոնցով հպարտ ենք, որոնք պատերազմի ժամանակ հերոսություն են կատարել: Այդ մարդիկ հայոց պատմությունից անբաժան են, եւ բարձր եմ գնահատում այդ մարդկանց ներդրումը: Դա նշանակում է, որ եզդիները մեր տարածքը ընդունում են որպես իրենց բնօրրան եւ հոգեւոր տարածք»:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ ԼՂՀ-ում չկա ծրագիր, որ հրավիրեն տեղահանված եզդիներին տեղափոխվելու և Արցախում բնակվելու, սակայն, այնուամենայնիվ, Արցախում պատրաստ են ընդունել և ապաստան տրամադրել եզդիներին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: