19/08/2014 00:58
Կառավարությունը ցանկանում է գյուղվարկերի 4%-ի փոխարեն սուբսիդավորել 6%-ը
Մեր կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու գյուղական համայնքներին: Այս մասին այսօր Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի բացմանն ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը`պատասխանելով հավաքի մասնակիցներից մեկի` համայնքային բևեռացման վերաբերյալ հարցին:
«Նախ, սկսելու ենք սահմանապահ համայնքներից: Ես չեմ շփոթում, երբ սահմանամերձի փոխարեն սահմանապահ եմ ասում, ուղղակի ցանականում եմ, որ մեր ժողովրդի մոտ էլ ճիշտ անվանումը սովորական դառնա, քանի որ նրանք իսկապես սահմանապահ են: Հիմա մենք մեր սահամանապահ համայնքների այն բնակիչներին, ովքեր ցանկանում են գործարարությամբ զբաղվել, տրամադրում ենք հարկային արտոնություններ: Դա հնարավորություն կտա ստեղծել աշխատատեղեր, որպեսզի երիտասարդները չլքեն համայնքը»,- ասաց վարչապետը` ավելացնելով, որ պայմանավորվածություն կա նաև այլ գործարարների հետ` տեղում փոքրիկ արտադրություններ սկսելու վերաբերյալ:
«Օրինակ` թռչնաբուծության ոլորտը դիտարկենք: Ներողություն եմ խնդրում, բայց մեզ համար ամոթ է, որ մենք 35 հազար տոննա հավի միս ենք օգտագործում մեր երկրում, որից արտադրում ենք միայն 8 հազարը, մնացած մասը` ներկրում ենք դրսից: Հիմա ընկերություն կա, որը ցանկանում է ներդրում կատարել համայնքներում, օրինակ` Մովսես գյուղում այս ոլորտի հետ կապված, Տավուշից ենք պայմանավորել պիլոտային ծրագիր սկսել: Համոզված եմ, որ նման ծրագրերը կնպաստեն տարածքային համաչափ զարգացմանը»,- ասաց Հովիկ Աբրահամյանն` ավելացնելով.
«Եթե նկատել եք, մեր կառավարությունը գյուղատնտեսական ոլորտին հատուկ ուշադրություն է դարձնում: Նաև` սուբսիդավորման մասով: Գյուղացուն 14 տոկոսով վարկ էր տրամադրվում, որից 4 տոկոսը` նախագահի հանձնարարությամբ, սուբսիդավորում էր կառավարությունը: Հիմա մեր նոր կառավարությունը ցանկանում է այդ սուբսիդավորումը դարձնել 6 տոկոս և կստացվի, որ 8 տոկոսով գյուղացին կունենա վարկ: Բազմաթիվ ծրագրեր կան: Նաև ցանականում ենք, օրինակ` մեքենաների պարկը թարմացնել: Ծրագրեր արվելու են նաև ոռոգման ոլորտում, սերմնացուների տրամադրման հետ կապված»,- ասաց Հովիկ Աբրահամյանն` ընդգծելով`գյուղատնտեսությանն անհրաժեշտ են երկարաժամկետ, էժան վարկեր: Չի կարելի գյուղատնտեսությանը տալ 2-3 տարով վարկ: