19/08/2014 11:53
Ադրբեջանական կողմը առևանգել է Կարեն Պետրոսյանին. ՔԿ
Գերի ընկած և սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս առաջ քաշելու այն վարկածը, որ Կարեն Պետրոսյանին առևանգել են։ Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
«Այս պահի դրությամբ քննության ձեռք բերված ապացույցները վկայում են, որ Կ. Պետրոսյանը առևանգվել է հայկական տարածքից: Դա ապացուցվում է նախ գյուղացիների խոսքերով, որ իրար այցելելու և թեյելու նախադեպեր չեն եղել երկու երկրների բնակիչների միջև: Բացի այդ, այդ տարածքը սահմանակից է Ադրբեջանին և ականապատված է, իսկ Կ. Պետրոսյանն այդ օրը ավանակով գնացել էր հանդամաս՝ վառելափայտ բերելու: Ավանակը հայտնաբերվել է հայկական տարածքից, ինչը վկայում է, որ ավանակը ականապատված տարածք չի մտել, իսկ այդ տարածքը հակառակորդի կողմից տեսանելի է, ուստի, աշխատանքային վարկած է մշակվել, որ Կ. Պետրոսյանին առևանգել են»,- ասաց նա:
Հարցին՝ որն է պատճառը, որ Ադրբեջանը չի վերադարձնում Կ. Պետրոսյանի դին, Ս. Տռուզյանը պատասխանեց.
«Ադրբեջանը պետք է շահագրգռված լինի, որ օր առաջ դիակը վերադարձնեն, եթե Կ. Պետրոսյանը բնական մահով է մահացել: Հնարավոր է, նրանք փորձում են այդկերպ ինչ-որ բաներ թաքցնել, այդ պատճառով էլ չեն վերադարձնում դիակը: Դատելով տեսանյութերից՝ Կ. Պետրոսյանի նկատմամբ բռնություն է կիրառվել, հագուստն են փոխել, սակայն առայժմ բոլոր տեսանյութերը ուսումնասիրվում են և նշանակվել են փորձաքննություններ, իսկ մահվան պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետ»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Կարեն Պետրոսյանի՝ դիվերսանտ լինելը բացառված է
Ադրբեջանում սպանել են հայ գերի Կարեն Պետրոսյանին
Բաքուն փորձում է թաքցնել Կարեն Պետրոսյանի մարմնի վրա եղած բռնության հետքերը