19/08/2014 17:57
ԱԻՆ. Մեր մարդասիրական համերաշխությունն ենք հայտնում եզդիներին
ՄԱԿ-ի որոշմամբ ամեն տարի օգոստոսի 19-ին նշվում է Մարդասիրության համաշխարհային օրը։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միանում է համաշխարհային օրվան՝ ընդգծելով՝ ԱԻՆ-ն իր գործունեության ընթացքում միշտ էլ առաջնորդվել է մարդասիրական սկզբունքներով: Այս մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
«1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ հայ ժողովուրդն զգացել է համաշխարհային հանրության մարդասիրական աջակցության ամբողջ ուժն ու հզորությունը։ Այսօր արդեն փրկարար ու օգնություն ներմուծող երկրից ԱԻՆ-ի միջոցով Հայաստանը դարձել է օգնություն, փրկարարություն, փորձ ու գիտելիք արտահանող երկիր։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միանում է Մարդասիրության համաշխարհային օրվա խորհրդին՝ ի պատիվ մարդասիրական օգնության աշխատակիցների, ովքեր զոհաբերել են իրենց կյանքը ծառայողական պարտքը կատարելիս:
Մենք բոլորս պարտավոր ենք հիշել նրանց զոհաբերությունները, գնահատել և հաստատել մեր հավատարմությունը փրկարարական աշխատանքին, որ իրականացնում են մարդասերներն ամբողջ աշխարհում, ամեն օր, հաճախ այնպիսի դժվարին և վտանգավոր պայմաններում, ուր ուրիշները չեն կարող կամ չեն ուզում գնալ:
Աղետներն ազգություն և սահման չեն ճանաչում։ Այսօր էլ, երբ Իրաքի հյուսիսում իրականացվում է եզդիների և մյուս ազգային փոքրամասնությունների տարահանում և բնաջնջում, Հայաստանը իր մարդասիրական համերաշխությունն է հայտնում հալածանքների ենթարկվող և օգնության կարիք ունեցող բնակչությանը` մարդասիրական աջակցություն ցուցաբերելով նրանց։
Համընդհանուր մարտահրավերների ժամանակ բոլոր ժողովուրդներն ու երկրները պետք է աշխատեն միասին՝ հանուն համընդհանուր խաղաղության, արդարության, արժանապատվության ու զարգացման: Հենց դա է մարդասիրական ոգին»,- ասված է ԱԻՆ հաղորդագրությունում: