19/08/2014 12:50
«Իմ անձնական կյանքում ամեն ինչ շատ լավ է». Մովսես Երեմյան
Պարող, մոդել, դերասան Մովսես Երեմյանին հանրությունը մեծ էկրաններին վերջին անգամ տեսել է «Խաղ իմ կանոններով» ֆիլմի շրջանակներում՝ գլխավոր դերում: Նա հավաստիացնում է, որ երկրպագուներին երկար սպասելու առիթ չի տա և առաջիկայում ևս հանդես կգա որևէ նոր կերպարով: Life.panorama.am-ը Մովսեսի հետ զրուցել է նրա դերասանական, մոդելային կարիերայից, առաջիկայի ծրագրերից, անդրադարձել է նաև վերջինիս անձնական կյանքին:
-Առաջիկայում ձեզ էկրաններին կտեսնե՞նք:
-Կարծում եմ՝ եթե ոչ հեռուստաէկրաններին, ապա մեծ էկրաններին հաստատ կտեսնեք: Ինձ առաջարկում են նկարահանվել մի կոմեդիայում՝ մի ուրախ տղայի կերպարում: Հիմա մտածում եմ այդ ուղղությամբ: Բացի այդ՝ ունեմ սերիալում հանդես գալու առաջարկ ևս, որի շուրջ ևս մտածում եմ:
-Ի՞նչ հանգամանքներ հաշվի առնելով եք որոշում՝ նկարահանվել տվյալ ֆիլմում կամ սերիալում, թե՝ ոչ:
-Ինձ համար կարևորն այն է, թե ինչ կերպար են ինձ առաջարկում, որքանով կարող եմ ինձ գտնել դրա մեջ: Հաշվի եմ առնում նաև այն փաստը, որ աշխատակազմը լինի պրոֆեսիոնալ:
-Մոդելի ձեր կարիերայով այժմ զբաղվու՞մ եք:
-Ոչ, մոդելային կարիերայով չեմ պատրաստվում զբաղվել, մանավանդ՝ Հայաստանում:
-Իսկ արտերկրից գործնական հրավերներ ունե՞ք:
-Ունեցել եմ հրավերներ, սակայն այդ ժամանակ չէի կարող ուսումը համատեղել աշխատանքի հետ:
-Իսկ հիմա եթե արտերկիր մեկնելու և այնտեղ աշխատելու առաջարկներ լինեն, կընդունե՞ք:
-Դա կախված է այն հանգամանքից, թե որպես ինչ մասնագետ կհրավիրեն՝ դերասան, պարող, թե մոդել: Օրինակ՝ եթե առաջարկը վերաբերի դերասանի իմ կարիերային, կմեկնեմ արտերկիր և կնկարահանվեմ, ասենք, որևէ հայկական ֆիլմում, որպես պարող ևս կընդունեմ գործնական առաջարկներ արտերկրից, իսկ որպես մոդել՝ որոշ պայմաններ հստակեցնելու, որոշ կետեր համաձայնեցնելու դեպքում միայն, որպեսզի ամեն բան փոխադարձ հարմար լինի:
-Ձեր անձնական կյանքում կարգավիճակի փոփոխություն առաջիկայում սպասվու՞մ է:
-Իմ անձնական կյանքում ամեն ինչ շատ լավ է, բայց նշանվելու կամ ամուսնանալու պլաններ չունեմ. առայժմ վայելում եմ երիտասարդ տարիներս: Այդ մասին կարելի է մտածել 25-26 տարեկանից հետո:
-Ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Ֆուտբոլ եմ շատ սիրում՝ թե´ խաղալ, թե´ դիտել: Մանկուց «Ռեալ Մադրիդի» երկրպագու եմ:
-Այս ամառ որտե՞ղ եք պատրաստվում հանգստանալ:
-Կարծում եմ ՝ ընկերներով 10 օրով կմեկնենք որևէ երկիր: Թե կոնկրետ ում հետ կգնամ հանգստի և որտեղ՝ դեռևս չեմ պլանավորել:
-Հիմա ձեր ամենամեծ ցանկությունը ո՞րն է, որ կուզենաք՝ անպայման իրականանա:
-Ուզում եմ պինդ, ամուր ընտանիք ունենալ: Բոլոր նպատակները մի կողմ, դա՝ մյուս կողմ: