19/08/2014 12:28
Նիկոլ Փաշինյանը սահմանապահ գյուղերի վերաբերյալ օրենքի նախագիծ է ներկայացրել
Քիչ առաջ ԱԺ պաշտոնական շրջանառության մեջ դրեցի «Հայաստանի Հանրապետության Սահմանապահ համայքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.
«Նախագիծը ձևավորվել է հուլիս և օգոստոս ամիսներին մի շարք սահմանապահ համայնքներ կատարած այցերի ընթացքում տեղի բնակչության հետ ունեցած քննարկումների և պայմանավորվածության արդյունքում:
Նախագծով նախատեսվում է Սահմանապահ գյուղերի բնակիչներին տրամադրել հետևյալ արտոնությունները՝
ա) 50 տոկոս զեղչ՝ էլ. էներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարների մասով:
բ) Սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից:
գ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով անօթևան մնացած բնակիչներին մեկամսյա ժամկետում տրամադրվում է համարժեք օթևան՝ նույն համայնքի տարածքում:
դ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
ե) Սահմանապահ համայնքներին պետական բյուջեի միջոցներից տրվում է ամենամյա օգնություն՝ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու և երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ սահմանային իրավիճակի լարման վերջին դեպքերի ժամանակ, պատգամավորն այցելել է Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղեր:
Նախորդող հրապարակում՝ Փաշինյանը Բերքաբերում է. «Իրավիճակը վերահսկվում է մեր Զինված ուժերի կողմից»