20/08/2014 11:33
«18plus.am» կայքի հեղինակի դեմ հարուցված քրեական գործը դատարանում է
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ստացվել «18plus.am» ինտերնետային կայքի հեղինակ Արթուր Մնացականյանի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ 26-ամյա Ա. Մնացականյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2012 թվականի հունիս ամսին համակարգչի միջոցով ստեղծել է «18plus.am» ինտերնետային կայքը և պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու ուղղակի դիտավորությամբ նշված կայքի «18+ խաղեր» բաժնում 2013 թվականի փետրվարի 17-ից մինչեւ 2014 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղադրել է պոռնկագրական բնույթի պատկերներ և անիմացիոն խաղեր, որոնք ազատ հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263 Հոդվածի (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: