20/08/2014 16:40
Վարչապետի՝ արտահանման առաջարկով ձկնաբույծները խանդավառված չեն
«Չենք կարող մեծ ծավալի արտահանում կատարել, ինչքան էլ ասենք լավ է, իրականում այդ ձեռքբերումներ չենք ունենա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը` պատասխանելով Aysor.am-ի՝ վարչապետի կողմից առաջարկված գյուղմթերքի արտահանման ծավալներն ավելացնելու հարցին:
Նշենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր գյուղմթերք արտադրողների հետ, նրանց հետ քննարկել դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացման, նրանց աջակցության և հարակից այլ հարցեր:
Ձկնարտադրողներից քննարկմանը ներկա են եղել «Կոնստանտին և քույրեր» ՍՊԸ, «Մխչյան ֆիշ» ՍՊԸ, «Հայր և որդի Բունիաթյաններ» ՍՊԸ, «Յունիֆիշ» ՍՊԸ , «Էկո ֆիշ թրեյդ» ՍՊԸ ղեկավարները:
Բանախոսը նշեց, որ արտահանմանն ուղղված խոչընդոտներ կան: Օրինակ, Սննդի անվտանգության պետական ծառայությունը խոչընդոտներ է հարուցել պասիվության տեսքով: Նախ, արտերկրում ձկնաբույծները խնդիրներ ունենալուց ՍԱՊԾ-ն որէև գործնական օգնություն չի ցուցաբերում, արտերկրում չճնշումների դեպքում դարձյալ որևէ աջակցություն չի լինում, անգամ տեղում, երբ ձկնամթերքը պատարստ է արտահանման, ՍԱՊԾ-ն որևէ քայլ չի ձեռնարկում:
Արթուր Աթոյանի կարծիքով՝ արտահանման խոչընդոտների վերացման համար հարկավոր է համագործակցություն, թափանցիկ աշխատելաոճ, որը կիրակաանցվի աշխատանքային խմբերի միջոցով:
«Ո՞ւմ է ձեռնտու արտահանման գործընթացը` արտահանողի՞ն, թե՞ արտահանման իրավունք վերապահողին»,-ասաց բանախոսն ու խորհուրդ տվեց վարչապետի հայտարարությունից չոգևորվել, քանի որ որոշ հարցեր դեռ պետք է ճշգրտվեն:
«Փոքր ձկնարդյունաբերողները որոշել են խնդիրների լուծումները գտնել օրենքի ուժով, հակառակ դեպքում, մենք խեղճ ու կրակ մարդիկ ենք, կտրամադրվեն մեր դեմ ու մենք ոչնչի չենք հասնի»,-ասաց նա: