20/08/2014 17:23
Զինվորը դատապարտվել է ազդանշանային հրթիռանետ և 9 հրթիռ հափշտակելու համար
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամիս կալանքի է դատապարտել ազդանշանային հրթիռանետ և 9 հրթիռներ, ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու մեջ մեղադրվող զինծառայող Հայկ Հովհաննիսյանին: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Նախաքննության մարմնի կողմից Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա հանդիսանալով N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2013թ. օգոստոս ամսին նույն վաշտի տանկային հավաքակայանում տեղադրված արկղից ապօրինի, շահադիտական դրդումներից ելնելով գաղտնի հափշտակել է նշված վաշտին ամրակցված 29.000 դրամ արժողության 26 մմ տրամաչափի 1382 համարի ազդանշանային հրթիռանետը և պահել իրենց զորանոցի պահեստանոցում` պետությանը պատճառելով ընդհանուր 38.000 դրամի զգալի չափերով գույքային վնաս:
Բացի այդ, 2013թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին ընկած ժամանակահատվածում նույն զորամասի հրաձգարանից կրակային դասընթացների ժամանակ ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող թվով 3 հատ 5.45 մմ տրամաչափի, թվով 1 հատ 7.62 մմ տրամաչափի, 1 հատ 12.7մմ տրամաչափի թվով 1 հատ 14.5մմ տրամաչափի փամփուշտները և նույն կերպով` ապօրինի պահել իրենց զորանոցի պահեստանոցում:
Մինչև դատաքննությունը սկսվելն ամբաստանյալ Հ. Հովհաննիսյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտել է, որ ամբաստանյալ Հ. Հովհաննիսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ և պատիժները լրիվությամբ գումարելու միջոցով վերջնական պատիժ սահմանել կալանք 2 /երկու/ ամիս ժամկետով:
Այս դատավճռի դեմ Վերաքննիչ բողոք է բերվել՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մասնակիորեն բեկանելու և Հ. Հովհաննիսյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու, 9 հրթիռանետերի հափշտակության մասով և մնացած մասով նշանակել պատիժ և այն պայմանականորեն չկիրառելով, փորձաշրջան սահմանելու պահանջով: