20/08/2014 10:36
«Ինչ է, Յուվեցի Կարոն բոլորին գնե՞լ է». «Հրապարակ»
Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների առիթով հարուցված քրեական գործով այս պահին նախաքննություն է գնում: Գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանի շահերը ներկայացնող փաստաբան Վարդուհի Էլբակյանը տեղեկացրել է, որ հետևում են, թե ինչպիսի ապացույցներ են ներկայացնում:
«Ապացուցները ներկայացնում են, մենք էլ մեր հերթին միջնորդություններ ենք ներկայացնում և սպասում ենք դրանց պատասխաններին»,- «Հրապարակի» փոխանցմամբ՝ ասել է նա: Էլբակյանի խոսքով՝ ամեն դեպքում քննություն է, թող գնա քննությունը, պաշտպանը հույս ունի, որ ամեն ինչ լավ կլինի: 4 հրազենային վնասվածք ստացած Ներսես Մելքոնյանին մեղադրանք առաջադրելը նպատակ է հետապնդում մեղմացնել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանի արարքը: Հենց նա է կրակոցներ արձակել:
Գոռ Առաքելյանի կրակոցներից տուժած Վալերի Հովհաննիսյանի մայրը` Լիա Հովհաննիսյանը, «Հրապարակի» հետ զրույցում ասել է, թե չի հասկանում՝ ինչի՞ համար են իր տղային ձերբակալել:
«Ինչ է, Յուվեցի Կարոն բոլորին գնե՞լ է: Ինչո՞ւ ոչ մի լրատվամիջոց չարձագանքեց, ինչո՞ւ են իմ երեխային ձերբակալել: Երեխաս նստած ա եղել մեքենայում, մեքենան խոդ է տվել, որ շարժվի, ինքը դուռը բացել ու կրակել է երեխայիս վրա: Իմ երեխայի վրա ուժ են գործադրում, ամուսնուս վրա ուժ են գործադրում, որ երեխայիցս վկայություն կորզեն: Յուվեցի Կարոյի ձեռքը շատ երկար է, բոլորին հասնում է»: