20/08/2014 13:40
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը պատրաստ է պաշտպանել եզդիների իրավունքները
«Լև գրուպ» փաստաբանական գրասենյակը պատրաստ է իրավական հարթության վրա միջազգային ատյաններում ներկայացնելու և պաշտպանելու բոլոր այն եզդիների իրավունքները, ովքեր տուժել են Իրաքում կատարված դեպքերից, պահանջելով նաև բարոյական փոխհատուցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց գրասենյակի ղեկավար Լևոն Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ մենք, որպես Ցեղասպանություն վերապրած ազգ, իրավունք չունենք անտարբեր մնալու եզդիների նկատմամբ իրականացվող վայրագություններին և եթե ժամանակին արժանի գնահատական տրվեր Հայոց ցեղասպանությանը, դրանից հետո չէին լինի ոչ Հոլոքոստ, ոչ էլ ցեղասպանություններ:
«Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված գործողությունները հակասում են Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի Կոնվենցիային: Եզդիներին դիտավորությամբ պատճառվել է ուժեղ ցավ ու տառապանք, որից ձեռնպահ մնալու համար որոշակի պարտականություններ են դրված պետության վրա, որը չի կատարվել»,- ասաց փաստաբանը:
Նախորդող հրապարակում՝ «Եզդիները դարձել են մի քանի մարդկանց քաղաքական նկատառումների զոհ»