20/08/2014 15:33
Անտառամուտի գյուղապետը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
Լոռու մարզի Անտառամուտի գյուղապետ Մարտուն Համբարձումյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Մ. Համբարձումյանը սա ոչ թե պաշտոնեական կեղծիք, այլ անփութություն անվանեց:
«Իմ անձնական «BMW» ավտոմեքենան ավագանու որոշմամբ հատկացվել էր գյուղին, որովհետև գումար չունեինք, և այն մեզ համար ծառայում էր որպես թե՛ շտապօգնության, թե՛ այլ կարիքների համար: Սակայն մեքենան վթարի ենթարկվելուց հետո ես անիվները տեղադրել եմ այլ մարդու պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ առանց ձևակերպելու»,-ասաց գյուղապետը:
Հարցին՝ ո՞ւմ էր պատկանում «Նիվան» և ո՞վ էր այն օգտագործում, Մ. Համբարձումյանը ասաց, որ այն օգտագործել է ինքը, սակայն դա պատկանում է մի մարդու, ով Հայաստանում չէ և նրան հնարավոր չի գտնել, իսկ «Նիվան» արդեն վաճառված է:
Նշենք, որ Մ. Համբարձումյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 Հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով:
Պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել Զարիկ Գևորգյանին: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: