20/08/2014 13:08
Տնտեսագետ. Պետությունը պետք է աջակցի սահմանամերձ գյուղերի բնակիչներին
«ՀՀ սահմանապահ գյուղերի մասին» օրենքի նախագիծը համատեղ քայլ է երկիրը դժվար իրավիճակից դուրս հանելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներին արտոնություններ տալու հարցը հեշտ չէ, բայց դրա համար պետք է պայմաններ ստեղծել, որ սահմանամերձ գոտիներում մնացած մարդիկ չգնան, իսկ ՀՀ կառավարությունը պետք է ներդրումների համար միջավայր ստեղծի:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը ասաց, որ սահմանամերձ գյուղերին արտոնություններ տրամադրելու հարցում ընդդիմադիր կուսակցությունները կառուցողական մոտեցում ցուցաբերեցին և արդյունքը զգալի է, իսկ այդ գաղափարը իրենց միության ծրագրում եղել է:
Անդրադառնալով դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանմանը՝ Վ. Սաֆարյանը ասաց, որ Հայաստանը կարող է մուտք գործել հատկապես Ռուսաստանի գինու շուկա, իսկ այն, որ տարիներ առաջ, երբ վրացական գինիների արգելք եղավ, Հայաստանը չկարողացավ այդ շուկան գրավել, Վ. Սաֆարյանը ասաց, որ այդ ժամանակ մենք դեռ պատրաստ չէինք, իսկ հիմա «պետք է ջանքերը միավորել և երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից»:
Մ. Մելքումյանը ասաց, մեր արտադրողները այսօր էլ պատրաստ չեն ռուսական շուկան գրավելու, քանի որ տնտեսական ճգնաժամից դեռևս ուշքի չեն եկել, իսկ պետությունը պետք է ամեն կերպ աջակցի արտադրողին, վերամշակողին, մթերողին: