20/08/2014 18:20
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ կրակած հայը կալանավորվել է
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ կրակած Արթուր Միրզոյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Խուլիգանության» հոդվածով: Մոսկվայի դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում է ընդունել: Դատարանում Արթուր Միրզոյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում, պատրաստ է վճարել 500 հազար ռուբլի տուգանք և ստորագրություն երկրից չբացակայելու մասին:
Ա. Միրզոյանի փաստաբան Գեորգի Շատվորյանը ասել է, որ կալանավորվածը ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա, աշխատանք, զենք կրելու իրավունք և մտադիր չէ երկրից փախչել, ինչպես և հանցագործությունը իրականացնելուց հետո նա չի փորձել փախչել կամ թաքնվել:
Փաստաբանը ասել է, որ Ա. Միրզոյանը «կատարելապես ադեկվատ է, սակայն իր գործողության դրդապատճառների մասին որևէ բան դեռևս չի պատմել»:
Հիշեցնենք, որ «Մոսկովսկի Կոմսոմոլեցի» փոխանցմամբ՝ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ կրակողը՝ «Դոբրի լես» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, 43-ամյա Արթուր Միրզոյանը, որսորդական հրացանով 2 կրակոց է արձակել Թուրքական Հանրապետության զինանշանի ուղղությամբ և դիպել նշանակետին:
Կրակոցների ձայնին անմիջապես արձագանքել են մոտակա կարևոր վարչական շենքերը հսկող ոստիկանները: Ավելի ուշ տղամարդը ձերբակալվել է: Դրդապատճառները նա չի մանրամասնել, սակայն լրատվամիջոցի փոխանցմամբ` պատճառը, հնարավոր է, հայ-թուրքական հարաբերություններն են:
Նախորդող հրապարակում՝ Լրատվամիջոց. Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ կրակողը հայ է եղել