20/08/2014 16:25
Դավիթ Հարությունյանը հանդիպել է հաշմանդամ օդաչուներին
Այսօր «Հաշմանդամ օդաչուների միություն» հասարակական կազմակերպության անդամները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում էին հանդիպել Կառավարության ներկայացուցչի հետ:
Ակցիայի մասնակիցներին ընդունել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հանդիպման ժամանակ օդաչուները բարձրացրել են իրենց խնդիրները, քննարկել են այդ խնդիրների լուծման ճանապարհները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում նորից հանդիպել այդ խնդիրների լուծման և հետագա անելիքների քննարկման համար:
Նշենք, որ ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում «Հաշմանդամ օդաչուների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, օդաչու Դավիթ Դավթյանը ասել էր.
«Տեսեք մեր պահանջն ինչում է՝ գոյություն ունի աշխատանքի ժամանակ ձեռք բերված հիվանդություն հասկացությունը: Օդաչուների մոտ` հավատացեք, նման «մասնագիտական» հիվանդությունները բազմաթիվ են: Հիմա մենք աշխատանքային պրոցեսի ընթացքում դարձել ենք հաշմանդամ ու ոչ աշխատունակ: Սրա համար մեզ պետք է վճարվի առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում: Եվ այն վճարում էին, քանի կային Հայկական ավիաուղիները: Հետո Հայկական ավիաուղիները տարան կանխամտածված սնանկության ու 2003թ.-ին Կառավարության 331-Ա որոշմամբ Հայկական ավիաուղիների բոլոր չվերթները տվեցին «Արմավիային»: «Արմավիան» մեզ փոխհատուցումները վճարեց մինչև 2006թ.-ի սեպտեմբերի 1-ն ու դրանից հետո մենք այլևս ոչ մի կոպեք չենք ստացել: Այո՛, խոստանում են, բայց եթե անգամ այդ ակտիվները վաճառվեն, դրանցից ստացված գումարը չի բավարարի, որ հաշմանդամ մնացած բոլոր օդաչուներին վճարեն 6.5 տարվա պարտք»,- ասաց Դավիթ Դավթյանը:
Նախորդող հրապարակում՝ Հաշմանդամ օդաչու. Այսօր Հայաստանում ավիացիայի սպանդ է գնում