21/08/2014 13:38
Արմեն Երիցյան. Լարսի ավտոճանապարհը դեռ փակ է
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը անդրադարձավ Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի փակ լինելուն: Նախարարը նշեց, որ սողանքի հետևանքով ավտոճանապարհը դեռ փակ է:
Նախարարը նաև շեշտեց, որ այս պահին խնդիր կա դեպի Հայաստան ձգվող գազի խողովակների հետ. «Ներկայումս համապատասխան աշխատանքներն են տարվում, որ կարճ ժամանակում ամենը ուղղվի»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ այսօր Հայաստանում է լինելու Վրաստանի վարչապետը.
«Հարկ եղած դեպքում կխնդրենք ուժեր ավելացնել այնտեղ, որ հնարավորինս արագ ժամկետում բացվի ճանապարհը»:
Հ. Աբրահամյանը հիշեցրեց, որ անցած ամիս համանման խնդրի ժամանակ Հայաստանը տնտեսական առումով խնդիրներ է ունեցել.
«Ճանապարհը բավական ժամանակ փակ էր բեռների տեղափոխման համար. պետք է ամեն ինչ անենք, որ հարցը արագ լուծվի»:
Հիշեցնենք՝ օգոստոսի 20-ին, ժամը 22.30-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ փլուզման հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ժամը 23:45-ից գազամատակարարումը դեպի Հայաստան դադարեցվել է: Այս պահին ընթանում են մաքրման աշխատանքներ:
Նախորդող հրապարակում՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին իրականացվում են մաքրման աշխատանքներ