21/08/2014 16:20
ՀՀ և Վրաստանի վարչապետները քննարկել են նոր կամրջի շինարարության հարցը
«Վրաստանի վարչապետի հետ քննարկվել է հարցերի լայն շրջանակ»,- այսօր այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու առկա հարաբերությունները, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներակայացնող հարցեր` առևտրատնտեսական կապեր, ենթակառուցվածքների զարգացում, կրթական, հումարիտար, մշակութային հարցեր, պատմամշակութային ժառանգության պահպանում:
«Հատուկ ընդգծվեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման լավագույն միջոցն է»,- շեշտեց ՀՀ վարչապետը:
Վրացի գործընկերոջ հետ ՀՀ վարչապետը քննարկել է ենթակառուցվածքների և տրանսպորտային կապերի զարգացման, անցակետերի արդիականացման հարցերը, մասնավորապես՝ Սադախլո-Բագրատեշեն անցակետում նոր կամրջի շինարարության հարցը:
ՀՀ վարչապետն առաջարկել է նաև անցած գիշեր Լարսում սողանքի և դրա հետևանքների վերացման խնդրում հայ մասնագետների օգնությունը:
«Բանակցություններն ընթացան երկու բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը: