21/08/2014 13:16
Սահմանամերձ գյուղի բնակիչները խնդրում են ընդառաջել իրենց
Օրերս Aysor.am-ի խմբագրությունը Տավուշի մարզի սահմանամերձ Ներիքն Կարմիրաղբյուր գյուղից ահազանգ ստացավ: Բանն այն է, որ այս գյուղում բնակելի տների 60-70%-ը գրանցված են ընտանիքների ավագ անդամների անուններով, ովքեր էլ կառուցել են տներն ու հիմա կամ մահացել են, կամ ի վիճակի չեն զբաղվել իրավաբանական, փաստաթղթային հարցերով:
Գյուղի բնակիչների խոսքով՝ անշարժ գույքի պետական կադաստրով տունն ընտանիքի մեկ այլ անդամի անունով գրանցելու համար անհրաժեշտ են տասնյակից ավելի փաստաթղթեր և, ընդհանուր առմամբ, 100-150 հազար դրամ գումար: Հարցի վերաբերյալ Aysor.am-ը զրուցեց Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մարսել Առաքելյանի հետ.
«Իմ հայրը 24-25 տարի առաջ է մահացել, բայց տունը մինչև հիմա իր անունով է: Անվանափոխման հարցն անընդհատ չի ստացվել, հիմա էլ մոտ 150 հազար դրամ գումար է պետք, որի հնարավորությունը չունենք»,- ասաց Մարսել Առաքելյանը՝ ընդգծելով, որ նման խնդիր կա գյուղի բնակիչների 70 տոկոսի մոտ:
«Մենք պատրաստ ենք գրավոր դիմել վարչապետին, կառավարությանն ու մեր խնդրանքն այն է, որ եթե հնարավոր է՝ որպես սահմանամերձ համայնքի, մեզ ընդառաջեն և այս անվանափոխումների հարցը լինի ավելի թեթև ընթացակարգով ու ոչ այսքան գումարով»,- ասաց Մարսել Առաքելյանը:
Ներքին Կարմիրաղբյուրի մեկ այլ բնակիչ Գառնիկ Բադալյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հայրը մահացել է 2008թ.-ին.
«Այն ժամանակ սկսեցի զբաղվել հարցով, գումարի խնդիր եղավ: Բացի այդ, պատկերացրեք, որ կարող է այդ գումարը վճարենք, բոլոր փաստաթղթերը հավաքենք ու մեկ էլ մի կրակոցից մեր տունը հրդեհվի: Բնական է, որ մի օր պետք է անենք, ուղղակի խնդրանք ունենք, որ գոնե սահմանամերձ բնակավայրերի համար այս հարցում արտոնություններ լինեն»,- ասաց Գառնիկ Բադալյանը: