21/08/2014 10:31
Ռամիլ Սաֆարովը «Ալ-Քաիդայի» անդամներից չի տարբերվում. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «ԱՄՆ իշխանությունները երեկ հաստատել են, որ իսլամական ծայրահեղականներն իսկապես գլխատել են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին և այդ սահմռկեցուցիչ հանցագործության տեսագրությունը տեղադրել են համացանցում: Ահաբեկիչներին բնորոշ տրամաբանությամբ բրիտանական առոգանությամբ խոսող դիմակավոր մարդասպանը հայտարարել է, որ դա վրեժ է իսլամականների ուղղությամբ ամերիկացիների օդային հարվածների համար:
Եթե հիշում եք՝ նման ոճով էին գործում չեչենները, երբ պայքարում էին Ռուսաստանի դեմ, նույնն անում էին թալիբները, «Ալ-Քաիդան» և նման բազմաթիվ այլ խմբավորումներ: Նրանցից քիչ բանով է տարբերվում Ռամիլ Սաֆարովը, որը քնած մարդուն սպանելով «վրեժ էր լուծում» Ադրբեջանի «օկուպացված տարածքների» համար: Նույն ոճի մեջ է այսպես կոչված «ադրբեջանական բանակը»՝ իր գեներալներով և այլ սպաներով, որոնք սկզբից առևանգեցին, իսկ հետո խոշտանգեցին և սպանեցին խաղաղ մի գյուղացու՝ Կարեն Պետրոսյանին»: