21/08/2014 16:12
Հանրակացարանում բնակվող 90 ընտանիք բնակարան կունենա
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից արդեն իսկ ավարտվել են «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող երկու բնակելի շենքերի սեփականատերերի համար նախատեսված նոր շենքերի կառուցման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
2014 թվականի հունիսի 14-ին բազմաբնակարան շենքերը, որոնք գտնվում են Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցում, հանձնվեցին շահագործման: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ՝ նոր բնակարանների սեփականության վկայականները տրամադրելու ուղղությամբ, ինչից հետո կսկսվի 66 շահառու ընտանիքների տեղափոխման գործընթացը:
Ինչ վերաբերվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքի հանրակացարանում բնակվող ևս 90 ընտանիքների վերաբնակեցմանը, ապա աշխատանքներն այդ ուղղությամբ դեռ ընթացքի մեջ են:
Ընդանուր առմամբ, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը գնահատվում է շուրջ 17 միլիոն ԱՄՆ դոլար: