22/08/2014 10:21
Պետք է խուսափել զոհի կարգավիճակից. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ով լուսավոր Եվրոպա, քո խոսքն ու՞ր մնաց հապա, «Մեր խեղճ երկիր Արմենիա թողիր քանդած, խարաբա»: Ժողովրդական ֆոլկլոր էր, որը տարածվել էր ցեղասպանությունից հետո: «Եգիպտական բուրգերը փոշի կդառնան, «Արևի պես, երկիր իմ, կվառվես վառման»: Մեծ բանաստեղծի խոսքերն են, որոնք գրվել են նույն ժամանակահատվածում: Երկու մոտեցում. մեկը առօրյա, սովորական՝ այն, ինչը մենք ամեն օր լսում ենք փողոցում և սրճարաններում, երկրորդը՝ մտքի, հոգու աշխատանքի արդյունք: Մեկը՝ «ճակատագրի հարվածների» դեմ անզոր մարդու հուսահատ կշտամբանք, որն ուղղված է դրսի ուժերին, մյուսը՝ հպարտ, վստահ մարտահրավեր, որը նույնպես ուղղված է աշխարհին:
Ոչ մի անհատի, ոչ մի ազգի կյանք բաղկացած չէ միայն հաճույքներից, հաջողություններից և հաղթանակներից: Ինձ թվում է, որ դժվարություններն ու կորուստները ինչ-որ չափով նաև անհրաժեշտ են և օգտակար, քանի որ թույլ չեն տալիս մեզ թուլանալ, ապրել երազանքների խաբուսիկ աշխարհում, օգնում են դիմավորել իրականությունը բաց աչքերով: Իսկ հետո ամեն ինչ կախված է մեր գնահատականից:
Մեզ (ինձ) խաբեցին, մեզ չպաշտպանեցին, մեզ թողեցին միայնակ նենգ թշնամու դեմ»՝ մի մոտեցում է: Մենք (ես) կկպնենք գործին և խնդիրը կլուծենք: Իսկ եթե չկարողանանք, ապա վստահ կլինենք, որ արել ենք հնարավորն ու անհնարինը»՝ այլ տեսանկյուն է: Ընտրենք, թե որն է մեզ ավելի ձեռնտու: Իսկ առաջին բանը, որ պետք է անենք, մեր բառապաշարից «խեղճ» բառը հանելն է»: