22/08/2014 13:23
Այս տարի Սևանա լճում ջրահեղձ է եղել 4 մարդ, փրկվել՝ 23 մարդ
Այս տարի Սևանա լճում ջրահեղձ է եղել 4 մարդ՝ նախորդ տարվա 5-ի դիմաց, փրկարար ջոկատի ուժերով փրկվել է 23 մարդ՝ նախորդ տարվա 22-ի դիմաց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանը:
Ա. Ճզմաչյանի խոսքով՝ Սևանում փրկարարների թիվը 38-ն է, սակայն հնարավոր չէ ողջ Սևանի տարածն ապահովել փրկարարներով, այդ պատճառով էլ նա խորհուրդ տվեց բոլորին լողալ հանրային տարածքներում, որտեղ շուրջօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացնում ԱԻՆ փրկարարները, ինչպես նաև ջուրը չմտնել հարբած կամ շատ կուշտ վիճակում, չցատկել ջրային տրանսպորտից, չանցնել տեղադրված լողանշանները:
«Հիմնականում խեղդվում են մեր կողմից չհսկվող տարածքներում, իսկ մասնավոր տարածքներում փրկարարի առկայությունը պետք է վերահսկի «Սևան» ազգային պարկը: Իհարկե, ահազանգերի դեպքում արձագանքում ենք նաև այդ տարածքներում»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ պետք է անել, երբ տարածքում չկա փրկարար, նա պատասխանեց, որ պետք է զանգել 911 և ամենամոտ գտնվող ջոկատը արագ կհասնի դեպքի վայր:
«Եթե լողալ գիտեք, ապա պետք է խեղդվողին մոտենալ թիկունքից և փորձել նրան հանել ջրից դուրս, հակառակ դեպքում պետք չէ ջուրը մտնել, որ 2 զոհ չլինի»,-ասաց նա: