22/08/2014 18:28
Պանրի արտահանումը` ներքին շուկայի հաշվի՞ն
«Հայաստանում այսօր կարող է արտադրվել և արտահանվել 4 հազար տոննա պանիր, այնինչ արտահանում ենք միայն 1 500 տոննա: Լրացուցիչ արտադրությունը կստեղծի նաև աշխատատեղեր: Ես արտադրողներին էլ ասել եմ, որ եթե արտադրությունն ավելացնելու հետ կապված ֆինանսական խնդիրներ կան, կառավարությունը պատրաստ է աջակցել»,- նախօրեին հայտարարել էր Հովիկ Աբրահամյանը:
«Կառավարությունը պետք է ավելի զգույշ լինի նման հայտարարություններ անելուց»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտադրությանը:
Պանրագործները նախկին վարչապետի խոստումներից տխուր հիշողություններ են ունեն. «Պանրագործները մնացին կոտրած տաշտակի առջև»:
Արմեն Գիգոյանը հիշեցրեց «Հայկական պանիր» ծրագիրը, և որ գործնականում որևէ քայլ չձեռնարկվեց այդ ուղղությամբ, ինչ պատճառով էլ պանրագործներն փորձեցին շտկել ստեղծված իրավիճակը բացառապես անհատական ջանքերի շնորհիվ: «Պանիր արտադրության և արտահանման հարցը դեռևս 2009 թ.-ից ակտիվ շրջանառության մեջ էր, սակայն մինչ այսօր գործանականում որևէ քայլ չի արվել. թիրախային մոտեցում չի եղել»:
Հայաստանն իրոք հնարավորություն ունի՞ 4000 տոննա պանիր արտահանել հարցին, Ա. Գիգոյանը պատասխանեց, որ այժմ արտահանվում է 1500-1800 տոննա, որից վերջնական պրոդուկտ` միայն 500-800 տոննա պանիր է, մնացածը` որպես հումք է արտահանվում, որ հիմնականում ՌԴ-ում գնում է հալած պանրի արտադրությանը. Նա իրական արտահանումների ծավալը գտնում է 2000-2500 տոննայի շրջանակներում:
Գիգոյանը ներկայում պանրի արտահանումը գնահատեց «իներցիոն» կամ սեզոնային, իսկ արտահանման ծավալների ավելացման համար նա հարց է տալիս` ինչի՞ հաշվին պետք է ավելացնել արտահանումը, ներքին սպառողական շուկայի դեֆիցիտի՞... Հայաստանի պոտենցիալը թույլ է տալիս մեծ քանակով պանիր արտադրել, իսկ հետո՞:
Բացի տեղական շուկան «դատարկելուց»՝ Արմեն Գիգոյանը նաև խիստ կասկածում է, որ արտահանման ուղղությամբ կառավարությունը համապատասխան ռեսուրսներ ունի, նա նաև հույս ունի, որ վարչապետը նման հայտարարություն անելով՝ գործնականում իր խոսքերը գործով կամրապնդի, թե չէ «ասել` կօգնենք, ասելու համա՞ր…»:
Բացի այս հարցերից, Պանրագործների միության նախագահին խիստ մտահոգում է կաթի շուկան, պետք է կաթի արտադրությունը կարգավորել՝ թե՛ քանակական առումով, թե՛ տեխնիկական, որպեսզի հնարավոր լինի երաշխավորված արտահանում իրականացնել. Իսկ այս հարցը, ըստ նրա, լուծված չէ, ինստիտուցիոնալ բարեփոխումներ են պետք կաթի արտադրության ոլորտում:
«Կաթի արտադրության ոլորտում աճ կա, սակայն պետք է որ դա դինամիկ աճ լինի: Ֆերմերների ինստիտուտը ձևավորված չէ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանում այս պահին գրանցած է 168 հազար ֆերմեր, ովքեր նաև անասնապահ գյուղացիներ են, որոնք ֆերմեր համարվել չեն կարող:
Ֆերմերները պետք է լիազորություններ, արտոնություններ ունենան կառավարությունից, նաև էժան ֆինանսական ռեսուրսներ տրվեն, ովքեր պարտավորություններ կունենան և կապահովեն կայուն կաթի արտադրություն:
«Մենք՝ ի տարբերություն տարածաշրջանի երկրների, ունենք մեր սպիտակ ոսկին և պետք է ուշադիր ու հետևողական լինենք այս հարցում»,- շեշտեց Պանրագործների միության նախագահը:
Նշենք, որ Հայաստանից պանիր արտահանվում է հիմնականում ՌԴ, նաև ԱՄՆ, Վրաստան ու ԱՄԷ: