22/08/2014 12:16
Եգիպտոսում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է 40 մարդ
Շարմ էլ Շեյխ հանգստի գոտուց 50 կմ հեռավորության վրա տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասնում է 40-ի: 41 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է «Իտար-Տասսը»՝ նշելով, որ վթարը տեղի է ունեցել կեսգիշերին, Սինիայի թերակղզու հարավում: Իրար են բախվել երկու ավտոբուս, որի հետևանքով ավտոբուսներից մեկը կողաշրջվել է:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 33 զոհի մասին: Չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա:
Դեպքի վայրում ամբողջ գիշեր աշխատել են փրկարարները: Մահացածները հիմնականում Եգիպտոսի քաղաքացիներ են: Ինչպես լրատվականին հաղորդել է տեղի Շտապ օգնության տնօրեն Խալեդ Աբու Շախեմը՝ վիրավորների թվում կան նաև օտարերկրյա 4 քաղաքացիներ, որոնցից մեկը 20-ամյա մի ուկրաինուհի է: Նրանց թվում կան նաև երեխաներ և մեկ եմենցի: Նրանք բոլորն էլ տեղափոխվել են Շարմ էլ Շեյխի միջազգային հոսպիտալ:
Ռուսական ԶԼՄ-ները տեղեկացնում են նաև, որ պարբերաբար տեղեկություններ ստանալու համար կապ են հաստատում Եգիպտոսի ոստիկանության հետ: Վիրավորների մասին հավելյալ տեղեկություններ առայժմ չկան:
Եգիպտոսի Առողջապահության նախարար Մուհամեդ Լաշին հայտարարել է միայն, որ մահացածների դիերի մեծ մասը մնացել են ավտոբուսների ջարդոնների տակ:
Ըստ նախնական վարկածի՝ ավտոբուսի վարորդներից մեկը քնել է մեքենայի ղեկին:
Այս պահին ավտոճանապարհը փակ է երթևեկության համար: