22/08/2014 18:00
Միստր Իքսը` մենահամերգի, Հայաստան վերադառնալու և անձնական կյանքի մասին
Երգիչ Միստր Իքսն այս տարվա վերջում կներկայանա նոր երգով, հնարավոր են նաև որոշակի ոճային փոփոխություններ. «Երբ արդեն երգը լինի` կերևա` ինչի մասին խոսքը, հաստատ 6/8 չի լինի»,-Life.panorama.am-ին տեղեկացրեց ինքը` երգիչը, ով արդեն տևական ժամանակ է` բնակվում է ԱՄՆ-ում: Նրա խոսքով` երկրպագուները կարող են սպասել նաև նոր ձայնասկավառակի, բայց, արդեն, մյուս տարվա ընթացքում:
Այժմ Միստր Իքսն այնտեղ հանդես է գալիս փոքրիկ համերգներով, երգում հատուկ միջոցառումներին:
Նախորդ անգամ երգիչը մեզ հետ զրույցում նշել էր, որ հնարավոր է` աշնանը Հայաստանում հանդես գա մենահամերգով, Life.panorama.am-ը նրանից ճշտեց` արդյոք այդ ծրագիրը մնում է ուժի մեջ:
«Ես շատ եմ ուզում, որ հենց այդպես էլ լինի, բայց դեռ վստահ չեմ…»,-նկատեց Միստր Միքսը:
Մեր այն հարցին, թե երբ երգչին սպասենք Հայաստանում, վերջինս պատասխանեց. «Չգիտեմ…շատ եմ ուզում գոնե այս տարվա մեջ գալ Հայաստան, դա կախված է տարբեր խնդիրներից»:
«Հնարավո՞ր է վերադառնաք Հայաստան և այստեղ շարունակեք ձեր գործունեությունը»,-հարցրինք մենք, ինչին ի պատասխան երգիչը նկատեց. «Այո, ամեն ինչ էլ հնարավոր է»:
Life.panorama.am-ը նաև հարցրեց` որ դեպքում է դա հնարավոր: Նրա խոսքով` այն դեպքում, երբ աշխատանքի առումով Հայաստանում ավելի լավ կլինի, քան ԱՄՆ-ում:
Մեր այն հարցին, թե որն է կարիերայի այն գագաթնակետը, որին ձգտում է երգիչը, վերջինս նշեց` միջազգային ճանաչումը:
Իհարկե, երկրպագուները չէին ների, եթե չհետաքրքրվեինք` առաջիկայում Միստր Իքսի կյանքում կարգավիճակի փոփոխություն սպասվում է, թե ոչ.
«Այո, սպասվում են, շուտով կիմանաք…Վերջ»,-եզրափակեց երգիչը: