22/08/2014 15:18
Երևանը պետք է ազատել կառուցապատվող «մոլախոտերից». Նախարար
Քաղաքաշինության նախարարությունը ձեռնարկել է ոչ միայն խստացնել Երևանի կենտրոնում թույլատրվող կառուցապատման չափորոշիչները, այլև մաքրել Երևանը կառուցապատված «մոլախոտերից»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով 100-օրյա աշխատանքը՝ նշեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նախարարությունը երկու ուղղությամբ կշարժվի: Առաջինն ըստ նրա, տրանսպորտայի հիմնակմախքի հետագա ձևավորումն է, այսինքն՝ Տերյան փողոցի բացումը, իսկ երկրորդ՝ Երևանի կենտրոնի մաքրումը, այսինքն՝ քաղաքի բարեկարգումը։
Անդրադառնալով Հին Երևան նախագծին՝ նախարարը ընդգծեց, որ այդ ծրագիրը նույնպես լուծման երկու ճանապարհ ունի: Նրա խոսքով՝ հիմա այդ ծրագիրը բանակցային փուլում է գտնվում, բայց, հավանաբար, սեպտեմբի կեսերին կորոշվի, թե որ ճանապարհով գնալ՝ 5 լոտերի բաժանմա՞ն, թե՞ միասնական նախագծի: Ինչ վերաբերում է Աֆրիկյանների շենքին, ապա նախարարը վստահեցնում է, որ այդ շենքը նույնպես ընդգրկված կլինի Հին Երևան թաղամասում:
«Աֆրիկյանների շենքի տեղափոխումը Հին Երևանի տարածքում կլինի: Դա ամենաառաջին ծրագրերից մեկն է»,- նշեց Սարգսյանը:
Ամփոփելով իր եռամսյա գործունեությունը՝ նախարարը նշեց, որ ուսումնասիրել է ոլորտում առկա գրեթե բոլոր խնդիրները, որոնք, նրա խոսքով՝ մի քանիսն են։
«Ճարտարապետների բարձրացված հիմնական խնդիրները մի քանիսն են: Առաջինը մեր բնակավայրերի միջավայրի ճարտարապետական դեմքի պահպանման և միջավայրի խաթարման հարցերն են, ինչպես նաև ճարտարապետների կարգավիճակն ու նրանց նախագծերի հարցը»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ մշակվել են մի քանի ծրագրեր, և դրանք առաջիկայում լուծում կստանան:
«Վերականգնել ենք «Ճարտարապետական գործունեության մասին օրենքը», միության հետ բազմաթիվ աշխատանքներ ենք տարել: Օրենքը շուտով կներկայացնենք Կառավարությանը։ Դա թույլ կտա լիցենզիայի և որակավորման խնդիրը պետությունից փոխանցել ճարտարապետներին»,- հավելեց նա։
Նախարարի խոսքով՝ առաջիկայուն նախատեսվում է նաև Ճարտարապետների միջազգային ֆորում կազմակերպել Հայաստանում:
«Յուրաքանչյուր երկու տարին մեկ Հայաստանը կդառնա այն հարթակը, որտեղ աշխարհի հայ ճարտարապետներն իրենց աշխատանքները կներկայացնեն, կցուցադրվեն և կհասկանանք, թե ինչ ուղղությամբ ենք գնում, ինչ խնդիրներ են հուզում երիտասարդներին»,- ասաց նա։
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ նախարարը հավելեց, որ դրանք հիմնականում կապված են շինարարության որակի, աշխատանքների գնահատման հետ գնագոյացման, ինչպես նաև շինարարական տենդերների հետ: