22/08/2014 14:50
Գյուղնախարար. Ծիրանի բերքի արտահանման ու մթերման հետ կապված խնդիրներ եղան
Այս տարի ծիրանի բերքի հետ կապված խնդիրներ եղան՝ և՛ արտահանման, և՛ մթերման առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Ծիրանի բերքը կազմել է մոտ 12 հազար տոննա, որի մեծ մասը արտահանել է, տրվել մթերող կազմակերպություններին, իսկ մնացածը թարմ վիճակով իրացվել է»,-ասաց նախարարը՝ ընդգծելով.
«Լրատվամիջոցները ցույց էին տալիս մարզերում հասցված վնասները և մարդկանց թվում է, թե վերջ՝ ծիրան չի լինելու: Բոլորը հարցնում էին` էս տարի ծիրան կուտե՞նք, բայց դուք համոզվեցիք, որ նույն ծիրանը բավական եղավ, ճիշտ է, գները բարձր էին, որովհետև շուկան է թելադրում: Այսօր էլ կարելի է ծիրան գնել, եթե ասեմ, որ սա մեծապես ազդեց շուկայի վրա՝ այդպես չէ»,- ասաց գյուղնախարարը:
Անդրադառնալով այլ գյուղմթերքներին, նա նշեց, որ, օրինակ, ցորենի արտադրությունն այս տարվա առաջին կիսամյակում ավելացել է 22 տոկոսով:
«183 հազար տոննա բերքի ծավալը հասցվել 338-ի»,- ասաց Սերգո Կարապետյանը՝ ավելացնելով, որ 2011 թվականից իրականացվող պետական օժանդակության ծրագրերի շնորհիվ ոլորտում կա զգալի առաջընթաց: