22/08/2014 14:12
Գյուղնախարար. Այս տարի կրկնապատկելու ենք արտահանման ծավալները
Այս տարի գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները կրկնապատկվելու են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ընդգծելով, որ չնայաց անցած ամիսների անբարենպաստ եղանակին՝ ոլորտում կա դրական տեղաշարժ.
«2014թ.-ի հունվար-հուլիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 316,1 մլրդ դրամ: Արդյունքում նախորդ տարվա նկատմամբ գրանցել է 3,2% աճ»,- ասաց նախախարը: Ընդ որում, Սերգո Կարապետյանի խոսքով, այս աճը կարող էր ավելի մեծ լիներ, եթե դրան չխանգարեր աննախադեպ ցրտահարությունը:
Անդրադառնալով Ռուսաստան արտահանվող ապրանքների ծավալի հնարավոր աճին՝ գյուղնախարարն ասաց, որ առանց այդ էլ մեր արտահանումների 70 տոկոսը հենց ռուսական շուկա է գնում.
«Այնպես որ՝ Մաքսային միություն, և՛ Եվրասիական տնտեսական միություն մեր մուտքը մեզ համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի: Մենք հնարավորություն ունենք մեր արտահանման ծավալները կրկնապատկելու, և ես նորից ասում եմ, մենք այս տարի կրկնապատկելու ենք արտահանման ծավալները»,- ասաց Սերգո Կարապետյանը: