23/08/2014 10:16
Առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում
Կառավարության վերջին նիստին Հովիկ Աբրահամյանի անթաքույց զայրույթն իր ղեկավարած կաբինետի որոշ անդամների համար անհետևանք չի մնացել: Կառավարության «Հրապարակի» աղբյուրները հայտնել են, որ վարչապետի զայրույթը պայմանավորված է եղել մի քանի օր առաջ տեղի ունեցած իր և գործարարների հանդիպումով, ավելի ճիշտ` դրանից հետո որոշ գերատեսչություններում կատարած ուսումնասիրություններով: Ինչպես հայտնի է` օգոստոսի 15-ին Հովիկ Աբրահամյանը երկրորդ հանդիպումն էր կազմակերպել Հայաստանի գործարարների և, հատկապես, արտահանողների հետ, որպեսզի քննարկի Ռուսաստանի շուկայի նոր բացված հնարավորությունները և մեծացնեն հայրենական արտադրանքի արտահանումը:
Գործարարները հանդիպման ընթացքում դժգոհել են, թե պատասխանատու գերատեսչություններն արտահանողներին չեն աջակցում և գործարարների հետ ակտիվ չեն աշխատում, ինչից հետո Աբրահամյանը կարգադրել է ուսումնասիրել գերատեսչությունների և, հատկապես, տնտեսական բլոկի աշխատանքը, արդյունքում պարզվել է, որ դրանք իսկապես անգործության են մատնված, մինչդեռ կարող էին դեռ 2-3 տարի առաջ համապատասխան քայլեր անել, արդյունքներն արդեն շոշափելի կլինեին:
«Հրապարակին» ասել են, որ Հովիկ Աբրահամյանն իր նախորդի` Տիգրան Սարգսյանի օրոք ստեղծված բարձիթողի վիճակի մասին հրապարակային հայտարարություններ չի անի, բայց առաջիկայում մտադիր է կադրային փոփոխություններին զարկ տալ` փոխնախարարների, վարչությունների պետերի մակարդակով: Ասել են, որ հիմնական թիրախում մարդիկ են, ովքեր Տիգրան Սարգսյանի ժամանակ իրենց շատ ինքնավստահ և պաշտպանված են զգացել: