23/08/2014 13:43
Մովսես Հակոբյան. Արցախի և Հայաստանի միջև անցակետի հարցում ոչինչ չի փոխվելու
Հայաստանի և Արցախի միջև անցակետը գործելու է այնպես, ինչպես հիմա: Ոչինչ չի փոխվելու: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Արցախի և Հայաստանի միջև մաքսակետի հնարավոր տեղակայման մասին հարցին, ասաց ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը.
«Այստեղ գալու ճանապարհին դուք անցել եք այդ տեղով: Որևէ մեկը ձեզ կանգնեցրե՞ց անցակետում: Այնպես որ, հետո էլ ոչինչ չի փոխվելու»,- ասաց Մովսես Հակոբյանը:
ՊԲ հրամանատարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինքը զինվորական է ու չի զբաղվում քաղաքականությամբ, սակայն հայտնե իր անձնական կարծիքը՝ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցի վերաբերյալ.
«Ես կարծում եմ, որ անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հիմնախնդիրը լուծել: Այս խնդիրը պիտի լուծի մեր ժողովուրդը, քանի որ մեր ժողովուրդն է իրականացնելու բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այնպես որ, երբ Լեռնային Ղարաբաղը սկսի մասնակցել բանակցություններին, այդ ժամանակ էլ կարող ենք ասել, որ, միգուցե, խնդիրը լուծվելու է»,- ասաց ՊԲ հրամանատարը:
Լրագրողների խնդրանքով` Մովսես Հակոբյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցին.
«Սա, իհարկե, շատ վատ է: Մենք պիտի հասկանանք, որ զենքը, ամեն դեպքում, գնում ու վաճառում են հակառակորդին սպանելու համար»,- ամփոփեց ՊԲ հրամանատարը:
Նախորդող հրապարակում՝ Մ. Հակոբյան. Առաջնագծում հերթապահության ժամանակ զինվորը 99%-ով պաշտպանված է